Էջ:Barpa Khachik.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տեղ մը երթանք, խոսինք,— ըսավ Բարպան։ Անոնք միասին մտան սրճարան մը և անցան ետևի մասը: Բարպան պատմեց Միհրանին իր գլխուն եկածները։


— Գիտես ինչ, Բարպա՛,— ըսավ Միհրանը մտահոգ,— այդ բոլորը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։


— Դեռ ի՜նչ կարող է ըլլալ,— ըսավ Բարպան տխրությամբ, – ինձի իմ գյուզելիմ գործես զրկեցին։ — Կարող են արտաքսման թուղթ տալ քեզի, — ըսավ Միհրանը։ — Թո՛ղ ընեն, թո՛ղ ատ ալ ընեն,— ըսավ Բարպան զայրույթով։ — Ինձի պես մարդը թո՛ղ երկրեն արտաքսեն իբրև անցանկալի և թող իրենց տաք ծոցին մեջ պահեն Կադե և Լաֆայետ փողոցի գողերը ու խաբեբաները։ Թո՛ղ ատ ալ ընեն,— կրկնեց ան, հետզհետե զայրանալով,—բոյերնին տեսնե՜մ…


Բայց Միհրանը մտատանջ էր և կշռում էր հավանականությունները։


— Անմիջապես պետք է տեսնել Յորկին,— ըսավ Միհրանը: — Յորկին ծանոթներ ունի, որոնք կապեր ունին Վերսալի թաղապետության մեջ։ Պետք է գործին առաջքը առնել։


— Ես այս մարդոցմե ամեն բան կհուսամ,— ըսավ Բարպան վհատությամբ։


Միհրանը և Բարպան ճամփա ելան, գացին Կրընել և Յորկին գտան սրճարանի մը մեջ, դեռ անկազմակերպ բանվորներու խումբի մը հետ։ Անոնք՝ լսելով Բարպայի պատմությունը, ըմբոստացան։ Խորհուրդ տվին դիմել սենտիքային, խոսք տվին, որ եթե ցույց մը, բան մը կազմակերպվի, իրենք իրենց ընկերներով կմասնակցին։


— Սատանան տանի՛ ,— գոչեց բանվոլւներեն մեկը,— մե՞նք ենք տերը այս երկրին, թե այդ սրիկաները։


Հետո կարմիր գինի խմեցին Բարպայի կենացը, անոր ուսերուն թափեր տվին՝ քաջալերելու համար և թռչուններու երամի մը պես ամենքը մեկ մեկնեցան՝ գոչելով Բարպային. — Քաջությո՛ւն և տոկունությո՛ւն, ընկե՛ր։


  • Փոխաբ.՝ իմանանք, թե ինչպիսին են: