Էջ:Barpa Khachik.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան, որ բերանը լեցուն, ծամելը ընդհատելով կդիտեր, պատառաքաղը նետեց սեղանին վրա և զայրացած գոչեց.


- Աս ինչ տեղ է, բե՜, աս ինչ դժոխք է, բե՜…


Վիկտորյան և Միհրանը խորապես հուզված էին, բայց Յորկին իր ակնարկով հանգստացուց ամենքը և Բարպային դառնալով ըսավ.


— Ասոր՝ աս տեղին Փարիզ կըսեն, դեռ շատ բան կտեսնենք։


ճաշեն հետո Յորկիի պնդումով խմբով բարձրացան Կլոտ Բեռնար և Գեյ֊Լյուսակ փողոցները, անցան Բուլվար Սեն– Միշելի ամենադժվար անցանելի մեկ մասեն, հետո դիտեցին Օդեոնի թատրոնը, անցան անոր շուրջը եղող Գալըրիներեն, ուր շարքով գրքավաճառներ կան, և Յորկին Միհրանին հետ բավական դանդաղելե հետո նոր երևցան, գրքերը թղթատելով և մեկ կետեն մյուսը թռչկոտելով, մտան, վերջապես, Լյուքսենբուրգի պարտեզը։


Անձրևը դադրած էր, բայց մինչև օդին մեջ և գետնին վրա կար խոնավություն, բացի այդ, թրջված ծառերեն կիյնային անձրևաջուրի խոշոր կայլակներ։ Բարպան և Վիկտորյան կհետևեին երիտասարդներուն, որոնք խոսակցելով առաջ անցեր էին։ Երկուքն ալ թեև կգնահատեին պարտեզին գեղեցկությունը, խնամված ամաններու սքանչելի տեսքը, որոնք նախշուն գորգերու պես կտարածվեին ամեն կողմ, խուզված և կարծես սանտրված ծառերու շարքերը, որոնք ծառուղիներուն կուտային անսահման հեռանկարներ, բայց երկուքն ալ հոգնած էին և կցանկային տուն վերադառնալ և հանգստանալ և կզսպեին իրենց ցանկությունը՝ միմիայն չի խանգարելու համար Յորկին և Միհրանը, որոնք զբաղած կթվեին շատ գրավիչ խոսակցությամբ։


Բարպան հուսահատ նայվածքներ կուղղեր դեպի կանանչ ներկված նստարանները, որոնք թափուր էին և թրջված։ Հանկարծ իրիկնային ցուրտը զգալի եղավ, միևնույն ատեն մութը կիջներ դանդաղ, բայց հաստատ, կարծես ընդմիշտ տեղավորվելու համար աշխարհիս վրա։