Էջ:Barpa Khachik.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկ գանձարկղին ապակեպատ խցիկին մեջ նստած էր տիրոջը կինը, խնամքով հարդարված մազերով և անայլայլ դեմքով: Այր ու կին իրենց սրճարանին մեջ պատահածներուն նկատմամբ, որոնք կհամարեին արհեստին հատուկ անախորժությունները, կճգնեին չեզոքություն պահել։ Գանձարկղի խցիկի ետևեն Բարպայի աչքերը մխրճվեցան սրճարանի ետևի մասը, որ ապակեպատ ձեղունեն լուսավորված էր և ուր տեսավ դաշնակցական երիտասարդներեն մեկ քանին, որոնք նարդի կամ քարտ կխաղային:


- Ասոնք ալ մարդ են, բե՜…— մտածեց Բարպան արհամարհանքով։


Երբ խումբը սրճարանեն դուրս ելավ, Բարպան՝ մղված անդիմադրելի ձդտումե մը, ինքն ալ նետվեցավ փողոց։


Կարճ ժամանակի մեջ փողոցը անճանաչելի դարձեր էր։ Մայթերը դատարկ էին: Վերևը, Օբսերվատուարի պարտեզներում վերջավորության, ոստիկանական պատվար մը կազմված էր, որ կարգիլեր վերևի թաղերեն եկողներուն անցքը: Նման պատվար մը կազմված էր վարը, նախ՝ Շաթըլեի հրապարակին և հետո՝ Արդարադատության պալատեն անց, Սեն֊Միշելի հրապարակին մոտ, կամուրջին վրա։ Երկու կողմերն ալ ոստիկանական շղթայի ետև պատրաստ կանգնած էին հանրապետական ձիավոր պահակազորքի շարքերը, որոնց աոաջին գիծերու ձիավորները կերևային արձանային անշարժությամբ։


Բիսիկլիստ ոստիկաններ շարունակ կիջնեին կամ կբարձրանային մայթերու եզերքեն, իսկ մայթերու վրա փոքրիկ խումբերով ոստիկաններ ուշադրությամբ կհետևեին սրճարաններե, հյուրանոցներե, տուներե կամ կողմնակի փողոցներն դուրս ելած մարդոց և կջանային մղել իրենց տեղերը։


Հանկարծ Բարպան անդրադարձավ, որ զինվորները անհետացեր են։ Անիկա դեռ այդ միջոցին չէր իմացեր, որ Փարիզի զորանոցը ետ էր կանչեր իր զինվորները, և անոնք փակված էին զորանոցներու մեջ, որովհետև բանակայինները մերժեր էին ծառայել իբրև զսպիչ ուժ բանվորներու դեմ, մերժեր էին կրակել նույնիսկ օդին մեջ և տեղ–տեղ ցուցարարներու հետ երգեր էին «Ինտերնացիոնալը»։