Էջ:Barpa Khachik.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրանը սարսռաց իր ամբողջ մարմնով և կանգ աոավ. այն ատեն երիտասարդները տեսան, որ Բարպան և Վիկտորյան ալ կմսեին:


- Սրճարան մը երթանք,— ըսավ Յորկին։ Բայց Բարպան դիմադրեց։


- Դուք գացեք,— ըսավ ան,— բայց մեզի տուն տարեք:


— Բը՜րր… ցուրտ Է,— ըսավ նույնիսկ Յորկին, որ զգաց հանկարծ իրիկնային խոնավ ցուրտը։


Սեն֊Միշելի վրա բոլոր լույսերը վառված Էին, և խիտ բազմություններ կանցնեին երկու մայթերեն։ Քաղաքի ցնծուն թաղերը կպատրաստվեին իրենց ուրախ գիշերային կյանքին։ Ծաղկավաճառ աղջիկներ կվազեին մեկ անցորդեն մյուսը. տաքսիները, տրամվայները, օտոբյուսները անընդհատ կսուրային մեկ կամ մյուս ուղղությամբ, երբեմն ակամա դանդաղելով և անվերջ հնչեցնելով հնչակները և կլարսոնները։


Վերադարձի ճամփուն վրա, երբ հասան Կլոտ Բեռնար փողոցը, Բարպան գնահատեց այդ փողոցի գրեթե գավառային հանդարտությունը.


- Այստեղ բաղդատմամբ մյուս փողոցներուն հանդարտ Է,— ըսավ Վիկտորյային։


- Սուս եղի՛, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան, վերջապես արտահայտելով իր անհանգստությունը,— գլուխս խազան Է, մեյ մը տուն հասնեինք, ականջներս դինջնային:


- Գիտես քի Թաթավլայի տունդ կերթաս կոր,— ըսավ Բարպան հեգնությամբ,— այս դժոխքին մեջ գլուխդ ուր ալ որ կոխես, դինջնալիք չունի…


Թաթավլայի տան հիշողությունը կարծես ջլատեց Վիկտորյայի ուժերը. անիկա հիշեց իր տունը, իր հանգիստ անկյունը ոչ թե պատերազմե հետո ստացած վիճակին մեջ, այլ առաջ, երբ տունը֊տեղը լիքն Էր ամեն տեսակ բարիքներով, երբ ուրախությամբ կսպասեր Բարպայի վերադարձին, որուն ճաշակին և փափագին համեմատ կերակուրներ պատրաստած կըլլար, ուր Բարպան և իր ընկերները կհավաքվեին օղիի սեղանին շուրջը և կգնահատեին իրեն ձեռքովը պատրաստած ռազիանով կանանչ ձիթապտուղը… Հայրենաբաղ–