Էջ:Barpa Khachik.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նային բազմաթիվ արհեստակցական դրոշներ և կարմիր դրոշակներ։ Հրապարակի կեդրոնը, սյունի պատվանդանին վրա, մարգ մը կեցած կխոսեր. Վայան-Կուտյուրիեն էր։ Անոր խոսքերը չէին հասներ մինչև Բարպային, միայն թե, երբ ճառախոսին մերձավորները կստորագծեին անոր խոսքերը՝ համապատասխան լոզունգներ արձակելով, Բարպան կհասկնար, թե ինչ գծով կընթանար ճառը։ Եվ ան սրտանց գոչեց ծովածավալ բազմության հետ.


— Կեցցե՛. միջազգային հեղափոխական պրոլետարիատը։


Հետո հաջորդեցին ուրիշ նշանաբաններ, և Բարպան անձնական հրճվանքով արձագանք տվավ, երբ բազմությունը որոտաց.


— Կեցցե՛ Ռուսաստանի Հոկտեմբերյան մեծ հեղափո¬ խությունը:


«Մենք ալ մեջն ենք», կմտածեր Բարպան, և հպարտությունը կալեկոծեր զինքը։ «Ես մարդ չէի ըլլար, եթե այսօր չի մասնակցեի ցույցին», խորհեցավ ան, երբ իբր արձագանք վերջին կեցցեին՝ ամեն կողմերե և որոշ ռիթմով կպահանջեին.


— Սովետները ամենուրեք, սովետները Փարիզի մեջ, սովետները Փարիզի մեջ…


Կարծես հազարավոր մուրճեր կզարնվեին սալերու վրա՝ նույն տիրական մտածումը կոփելու, անոր տալու համար շոշափելի իրականություն։


Վայան֊Կուտյուրիեին հաջորդեցին ուրիշ ճառախոսներ, և, վերջապես, այդ ծովածավալ ամբոխը խլրտեցավ, հետզհետե ալեկոծվեցավ և կարծես ուզեց հոսիլ քաղաքին մեծ երակներուն մեջ։ Բարպան դեռ որոշ ժամանակ ինքզինքը հանգիստ զգաց, թեև մեջքին և ուսին վրա կզգար ավելի ճշգրիտ ցավեր: Անոր անմիջական շուրջ բոլորը գտնվող մարդիկը, ամենքն ալ իրարու անծանոթ, իրարու կժպտեին, իրարու կօգնեին և իրարու կհաջորդեին, ընկերաբար, բարեկամաբար, ճառախոսի ըսածներեն բեկորներ։


Բարպան բարձր տրամադրությամբ կվայելեր այդ պահը և այն տպավորությունը ուներ, որ այդ բազմության մեջ ամեն ոք ապահով էր և որևէ ուժ չէր կրնար հաղթահարել հե