Էջ:Barpa Khachik.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՛չ,— ըսավ Բարպան։


— Թերևս իսպանացի՞,— հարցուց Ռոժեն։


- Ո՛չ,– ըսավ կրկին Բարպան և ավելցուց,— ես հայ եմ։


— Ա՜հ, դուք հա՞յ եք, ընկե՛ր,— ըսավ երիտասարդներեն մեկը,— մեր Բելվիլի և Իսսի-լե-Մուլինոյի հայ ընկերները հիանալի վարմունք ունեցան։


— Այո, ես հայ եմ,– ըսավ Բարպան և պահ մը լռութենե հետո ավելցուց.-ի՞նչ կարևորություն ունի հիմա, թե ի՞նչ ազգե եմ։


— Ճի՛շտ Է, ճի՛շտ Է,— ըսին շրշապատողները,— բրավո՛, ընկե՛ր, այդ Է ճիշտը։


Բարպան դեռ ուզեց ըսել, որ ինքը միջազգային հեղափոխական պրոլետարիատի «ազդեն» Է, բայց չի համարձակեցավ ըսել։ Անիկա, հակառակ իր ցավերուն, կժպտեր իր մեկ աչքովը։


— Մենք,— ըսավ երիտասարդներեն մեկը,— եթե ձեր ազգությունը կհարցնենք, պատճառը միայն այն Է, որ գիտնանք, թե որո՞ւ պետք Է դիմենք ձեզ համար։


— Ես կուզեմ երթալ,—ըսավ Բարպան։


— Լա՛վ, լա՛վ,— ըսավ Ռոժեն,– քիչ հետո կտեսնենք։


Այդ միջոցին դուռը բացվեցավ, և երկու նոր մարդիկ մտան ներս։


— Լատինական թաղին մեջ գործը կտաքնա կոր,– ըսին անոնք։


Բարպան ականջ դրավ և հիշեց, որ Բյուլյեի մեջ միտինգ պիտի ըլլար։


Երկու նորեկները կպատմեին Բյուլյեին առաջքը պատահած դեպքերու մասին։


Հանկարծ Բարպան գրեթե որոշակի տեսավ Միհրանը այդ թոհուբոհին մեջ, և սիրտը նվաղեցավ։ Անիկա իր ծանր գլուխը դրավ իր վերարկուով կազմված բարձին վրա և աչքը գոցեց։ Բարպան իր վերջին ուժերը կամփոփեր՝ դիմավորելու համար տաժանելի հավանականություններ։