Էջ:Barpa Khachik.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը իր տերը ունի, թերթը իր ժերանը, ամեն բանի պատասխանատուն ես եմ,– ըսավ ան եռանդով։


Եվ Յորկին, կարծես, կուզեր իր ուսերուն բեռցնել մյուսներուն պատահած փորձանքները։

— Երթա՛նք,— ըսավ ոստիկանը։ — Ո՜ւր։ — Ոստիկանատուն։ — Ո՞ւր է ձեր ձերբակալման հրամանագիրը: — Պարտական չեմ ձեզ բացատրություններ տալու,– գոռաց ոստիկանը։– Ես ձեզ բռնեցի հանցանքը գործած միջոցին… կհասկնա՞ք… Ահա ձեր հանցանքը,— ըսավ ան՝ գրպանեն հանելով ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն թռուցիկներ, որոնք վերցուցեր էր նախքան Յորկին հարցաքննելը։


Քիչ հետո Յորկին, երեք ոստիկաններուն հետ, որոնք հավաքեր էին նկուղին մեջ գտնվող օտարականներու, նույնիսկ անչափահաս ցրիչին ինքնության քարտերը, գացին թաղին ոստիկանատունը։ Այնտեղ Յորկին մղվեցավ սպասման սրահի մը մեջ, ուր մոտ քսան հոգի հավաքված էին արդեն։Ասոնք զանազան ազգություններու պատկանող «խռովարարներ» էին՝ ըստ ոստիկանության։


Յորկին մամանակ չունեցավ անդրադառնալու իրեն պատահածին և ոչ ալ ծանոթանալու իրեն բախտակիցներուն հետ, որոնք ամենքն ալ մռայլ լռություն կպահեին հսկիչներու խիստ և հետախուզող ակնարկներու տակ։


Քիչ հետո ամենքն ալ շարքով իջեցուցին սանդուղներեն և մտցուցին երկայն և փակ ավտոյի մը մեջ, որուն ներսը լույս կստանար վերևի ճեղքերեն։ Խռովարարները ուղղվեցան դեպոն։


Երբ Յորկին մյուսներու հետ իջավ դեպոյի բակը, տեսավ, որ գլխավոր մուտքին առաջ պահակ կեցած էին սվինավոր և սաղավարտավոր զինվորներ։ Տեսավ նաև, որ ուրիշ նման ավտոներ, իրենց բեռները արդեն պարպած, բակին մեջ կդառնային՝ երթալու և շարունակելու համար իրենց գործը, իսկ նորերը: մարդկանցով բեռնավորված, կհասնեին իրարու ետևե։