Էջ:Barpa Khachik.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յունիտերներ կային միայն, այնպես որ, սենդիքայի պատվերին համեմատ, որոշած էին սովորականին պես աշխատիլ։ Բայց ժամը իննին ժամանակները էտիեն Դըվո, երիտասարդ վաճառող մը, որ երեք յունիտերներից մեկն էր, համոզեց վաճառատան մյուս աշխատավորները խոսելով օրվա նշանակության և աշխատավորներու համերաշխության մասին, և բոլորը, բացի հաշվապահը և գանձարկղը պահողը, որոշեցին գործադուլ հայտարարել։


Հաշվապահը անմիշապես լուրը հասցուցեր էր գործատերին, որ նույն տան երրորդ հարկը կբնակեր։ Անիկա իջավ, նեղացած և ձեռքերը ծալած կուրծքին վրա, նայեցավ չորս կողմը։


— Այսօր բանվորական տոնի օր է, աշխատանքը կթողունք,— ըսավ էտիենը։


— Դուք բանվորնե՞ր եք, թե վաճառողներ,– ըսավ գործատերը՝ հանկարծ շառագունելով։


Անիկա գիրուկ մարգ մըն էր, լիքը այտերով։ Ճիշտ այդ օրը կնոջը և աղջկանը հետ պիտի երթար Սեն—Կլու, ծեր մորաքրոջ մը տունը, որուն ժառանգորդը կհամարվեր իր աղջիկը: Անիկա ուզեց կարճ կապել, երբ էտիենը ըսավ.


— Միևնույնը չէ՞, ամենքս ալ վարձքով աշխատողներ ենք։


— Ձեր գործն է,— ըսավ գործատերը,— հետևանքներուն պատասխանատու չեմ։


— Հետևանքներուն պատասխանատվությունը մենք կստանձնենք,— ըսավ էտիենը։


Գործատերը կանհետանար դռան մեջ, երբ բոլոր ներկա աշխատավորները գոչեցին.


— Բրավո՜, պարո՛ն էտիեն, բրավո՜, լավ պատասխանեցիր կապիկին։


Եվ անոնք շարքով դուրս եկան վաճառատունեն, մինչ գարսոնը հաշվապահի հսկողության տակ փեղկերը կիջեցներ։


Մաննիկը այսպիսով ազատ էր, բայց չուզեց տուն վերադառնալ։ Մայրը այլևս չէր հանդիմաներ զինքը, ոչ ալ կստիպեր աղջիկը այս կամ այն քայլը առնելու: