Էջ:Barpa Khachik.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նրբանցքները ավելի հանգիստ են, սանդուղին գլուխը կեցած էր միայն նիհար, խարտյաշ կին մը, թոքախտավորի կարմրած և ցցուն այտերով, որ մարած ձայնով պատվերներ կուտար իր վեց տարեկան տղուն.


— Մանավանդ, ուշադրություն ըրե փողոցը անցած ատենդ… սուերդ չի կորսնցնես, Գաստոն, նախ գնա հացը առնելու և մնացածով…


Տղան սանդուղներեն իջնալով՝ անդադար կկրկներ.


— Այո՛, մամա՛, այո՛, մամա …


Երբ տղան հասավ Բարպային և Վիկտորյային, մեքենաբար ըսավ.


— Մ… սիե… դա՜մ…— և կանգ առավ կարծես անցնելու թույլտվություն խնդրելով։ Ամչկոտ երևույթով այդ մանչուն ուշադիր քաղաքավարությունը սրտաճմլիկ բան մը ուներ, որը զգացին Բարպան և Վիկտորյան՝ առանց կարենալ մեկնաբանելու, երեխային նայվածքին մեջ վախ կար և կարծես թե ստիպված էր սիրաշահելու ամեն մեկը, որուն կհանդիպեր։


Նրբանցքին մեջ Բարպան և Վիկտորյան հանդիպեցան Յորկիին և Միհրանին, որոնք իրենցմե շուտ բարձրացեր էին և ծիծաղելով կխոսեին մադամ Լենին հետ։


— Բոնժուր մադա՛մ, բոնժուր մոսյո՛,– ըսավ մադամ Լենը՝ ուղղվելով Վիկտորյային և Բարպային,— ուրեմն արդեն քիչ մը ծանոթացաք մեր մեծ քաղաքին հետ… Կխնդրեմ, անցեք ինձ մոտ, պահ մը հանգստացեք…


Բարպան ուզեց մերժել հրավերը, բայց մադամ Լենը պնդեց.


— Մտե՛ք, կխնդրեմ…– և ան իր ետևեն դուռը բացավ։


Վիկտորյան նշմարեց, որ Յորկին կփափագեր, որ մադամ Լենին հրավերը ընդունին, և դառնալով եղբորորդուն՝ ըսավ.


— Երթանք մեր սենյակը, վերարկուները հանենք, քիչ մը շտկվինք, կուգանք…


Մադամ Լենի սենյակը կնայեր փողոցի վրա և քաղաքի խուլ աղմուկը այնտեղ կհասներ ավելի ուժեղ թափով, բայց նաև, կարծես թե, այդ աղմուկի ալիքները կխորտակվեին