Էջ:Barpa Khachik.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րաբերմունքի ջերմությունը։ Անիկա մտահոգ էր նաև Միհրանի համար։


«Անպատճառ, բան մը ուներ, բանի մը համար վշտացեր էր», մտածեց անիկա։

                        *
                     *      *

Ժամը հինգուկեսին Միհրանը մտավ Կլոզըրի֊ղե֊Լիլա սրճարանը։ Անիկա ներկա եղեր էր «Յումանիտեի» խմբագրատան առաջ տեղի ունեցած ցույցին և հետո նաև Հյուսիսային կայարանի հսկայական ցույցին մասնակցեր էր, մտնելով բանվորական ջոկատներու մեջ։ Որքան ոստիկանները կատաղությամբ կհարձակեին քաղաքացի ցուցարարներու, նույնիսկ անտեղյակ անցորդներու վրա, այնքան վախով և զգույշ կվերաբերվեին բանվորական, մանավանդ մեծ, խումբերու հետ, որոնց հակահարվածը կրնար մեծ դեպքերու տեղիք տալ։ Միհրանը՝ մեկ խումբեն մյուսը անցնելով, հաջողեր էր սպրդիլ կողմնակի փողոց մը, ուրկե անցեր էր Սեն-Լազարի կայարանը և այլևս երբեմն մինակ, երբեմն պատահական ընկերներով անցեր էր ճարտարությամբ զանազան թաղամասերն և եկեր էր Մոնպառնաս, ուր այդ միջոցին հսկողությունը քիչ մը թուլացեր էր։


Մայիսի մեկի բանվորական օրը այդ ժամուն կարելի էր անցած համարել։ Տուներու մեջ քաշված զգույշ քաղաքացիները սկսեր էին դուրս գալ։ Մոնպառնասի բուլվարի վրա, դիտելով արտիստներու, պերճաղիճներու, սովորական քաղաքացիներու, կիներու և նույնիսկ երեխաներու անցուդարձը, կարելի էր մտածել, որ քաղաքը մտեր էր արդեն իր բնականոն կյանքին մեջ։


Սակայն Կլոզըրին, որ, ընդհանրապես, դեռ այդ ժամուն սակավաթիվ հաճախորդներ կունենար, ծայրե-ծայր լեցուն էր: Այնտեղ համախմբված էին ամեն տեսակի մտա¬ վորականներ, ուսանողներ, նույնիսկ արհեստավորներ և բանվորներ։ Ժխորը և ծուխը կտիրեին մթնոլորտին: Միհրանը դժվարավ գտավ Մաննիկը, որուն սեղանին շուրջը նստեր էին անծանոթներ։

Բարպա Խաչիկ