Էջ:Barpa Khachik.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շուրջպարը հետզհետե կսեղմվեր, և իսկապես, կարծես ուռկանի մեջ բռնված, այդ տարածության վրա եղող անցորդները կոպային դեպի կեդրոն մը, կարծես կհամախմբվեին։ Սկսավ քննությունը։


Երկու ոստիկաններ և մեկ քաղաքային հագուստով մարդ մեկ-մեկ կհարցնեին անցորդներուն իրենց ինքնության թղթերը։ Անոնք, որ ֆրանսիացի էին, ազատ կանցնեին շուրջկալեն դուրս, իսկ օտարականները կկուտակվեին։ Երբ հինգ-վեց հոգի կըլլային, ոստիկան մը կառաջնորդեր այդ մարդիկը մոտակա ոստիկանատունը։ Ոմանց ալ միայն քարտերը կառնեին և կճամփեին։


Երկու անգամ Մարիան փորձեց Միհրանին և Բարունակին հետ անցնիլ ուռկանի ցանցեն դուրս, բայց անկարելի եղավ։ Վերջապես, ոստիկաններեն մեկը թաթը դրավ Բարունակի վրա և ըսավ.


— Ձեր ինքնության թուղթը, պարո՛ն։


Բարունակը իր քարտը ցույց տվավ. ոստիկանը վարանեցավ.


— Դուք քիմիական ինստիտուտի ուսանո՞ղ եք։ — Այո՛ ,— ըսավ Բարունակը։ — Եվ կբնակիք Շոսե դ՝Անտեն փողո՞ցը… — Այո՛ , պարոն։ — Ցույց տվեք ձեր ուսանողի քարտը։ Բարունակը քարտը ցույց տվավ։ Հակառակ տագնապալի կացության, Միհրանը ոչ առանց հեգնության կդիտեր, թե ինչպես Բարունակը հեզությամբ կվարվեր ոստիկանին հետ, և ան չի վարանեցավ իր բուրժուա հորը, որու տունեն հեռացեր էր, հասցեն ընդունիլ իբր իր բնակարանի հասցեն։


— Տուն վերաղարձե՛ ք, երիտասա՚րդ,— ըսավ ոստիկանը խստությամբ, ինչպես եթե անառակ երեխայի մը հետ խոսեր, և Բարունակին վերադարձուց ինքնության քարտը։


Անիկա առանց այլևայլի դուրս եկավ ոստիկանական շղթայեն։


Անմիջապես ուրիշ ոստիկան մը դիմեց Միհրանին, և ան ացքովը կչափեր Միհրանը՝ գլխեն մինչև ոտքը։