Էջ:Barpa Khachik.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


- Հետքս կգտնեն, եթե դուն ալ անհետանաս,– ըսավ Միհրանը։


— Ես կեսգիշերվա գնացքով կվերադառնամ,– ըսավ Մարիան։


Միհրանը խորը հառաչեց և ըսավ.


— Լա՛վ, Մարիա, եթե վստահ ես, որ հայրդ ինձ կհյուրընկալե։


— Օ՜հ, հայրիկը շատ գոհ կըլլա, մայրիկն ալ,— ըսավ Մարիան։– Այնքա՜ն կձանձրանան իրենց գյուղական կյանքին մեջ, որ ըսել չէ կարելի, ինչպես դաշտային մուկեր։

                      *
                   *     *

Ռընե Սոլը և կինը, ժամը տասը անց, դեռ իրենց ճաշասրահն էին, հակառակ իրենց սովորության։ Այր ու կին կվիճեին, ավելի ճիշտ՝ կինը առանձին կխոսեր և դուրս կըթափեր իր կուտակած գանգատները։


– Ապրեցանք և ծերացանք առանձնության մեջ, ա՛լ բավական է,— կըսեր ան:– Այս ամառն ալ այստեղ կանցնենք և ձմեռը կերթանք Փարիզ։ Թո՛ղ նեղը ապրինք, ես կար կգտնեմ, բան մը կընեմ, այստեղեն պաշար կտանինք հետերնիս… Վերշապես, անոթի չենք մնար և եթե նույնիսկ կեսանոթի մնանք, հոգս չէ, գոնե զավակներուս մոտ կըլլամ: Մարթան երկրորդ երեխան պիտի ունենա, ես ինչպե՞ս իր մոտ չըլլամ, իմ թոռներես զրկվիմ… ինչո՞ւ ամեն մեկ մարդու իրավունքը եղող բնական զգացումներեն ինձ կզրկես, ի՞նչ իրավունքով…Դուն անսիրտ ես, դուն անտարբեր ես քու աղշիկներուդ նկատմամբ, քու թոոներուդ համար, իսկ ես քեզ նման չեմ, ես սկզբունք մը չեմ, միսով-ոսկորով շինված էակ եմ ես, սիրտ ունիմ, հոգի ունիմ, ջիդ ունիմ, օ՜, լա՛, լա՛…


Եվ Լիզա Սոլը հորդառատ արցունք կթափեր և դեռ հեծկլտալով կշարունակեր.