Էջ:Barpa Khachik.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիս ժխտումն է, սա շահագործում է, և ես երբեք այդ չեմ ըներ: Եվ ո՞վ է ըսեր, թե անոթի չենք մնար այդ ամեն կարգի շահագործման կրկես հանդիսացող Փարիզի մեջ, բայց դեո անոթի մնալը ոչինչ, խնդիրը այն է, որ այնտեղ չենք կարող պահպանել մեր անկախությունը, մեր ֆիզիկական և հոգեկան ազատությունը: Մենք պիտի ստիպվինք գլուխ ծռել, համակերպիլ ամեն կարգի հոշոտիչներու, արյունարբու գազաններու՝ պատառ մը հացի իրավունք ձեռք բերելու համար: Ո՛չ, ո՛չ, ես իմ ալևոր գլուխս չեմ անպատվեր, ես իմ անկախությունը չեմ կորսնցուներ…Եվ ահա թե ինչու դուն ինձ կհամարես անսիրտ, որովհետև ես իմ սկզբունքներեն չի զիջեցա ոչ իսկ իմ աղջիկներուս համար… Բայց ո՞վ կըսե, թե ես չի տառապեցա: Ո՞վ կարող է գիտնալ, թե ինչքա՜ն կարոտը ունիմ իմ աղջիկներուս, որոնք չեն զիջիր նույնիսկ տարին մեկ անգամ այցելության գալու մեզի: Ես չէ, որ անսիրտ եմ, անոնք են, որ սիրտ չունին, որ չի մտածեցին նույնիսկ, թե ինչպես անտարբերությամբ ոտնակոխ ըրին իմ կյանքիս իմաստը կազմող իմ սկզբունքները… Ա՜հ, Լի՛զա, Լի՛զա, ուրեմն դուն ոչինչ չես հասկցեր, երեսուն տարի ապրեր ես ինձ հետ, լծակից եղեր ես և այնպես ձևացուցեր ես, որ համամիտ ես ինձ։ Մեր երկուքեն ո՞վ է կեղծը, ո՞վ է թաթախված սուտի մեջ: Դուն գիշատիչ մագիլներով կպատռտես այն վերքը, որ աղջիկներդ բացեր են կուրծքիս տակ և որը երբեք չի գոցվիր… Եթե դուն ինձ հասկցած ըլլայիր, դուն կգիտնայիր, որ ոչ մեկ րոպե ես չեմ բռնացած քու վրադ և չեմ բռնանար, նույնիսկ խոսքով… Կուզե՞ս երթալ, գնա՛, բայց դո՛ւ ալ մի բռնանար իմ վրաս, հաշվի առ, որ ես չեմ ուզեր ոչ շահագործել և ոչ ալ շահագործվիլ… Սա է կյանքը ինձ համար, իսկ դու այդ մահ կհամարես և տարիներով այդ համոզումը ունենալով, դու կեղծեր ես… Եվ ինչո՞ւ այս կյանքը անասուններու կյանքին է նման և ոչ թե այն, որ կցանկաս, ուր ուժեղը կլափե թույլը, ուր թույլը, քարշ տալու համար իր նվաստ գրաստի կյանքը, դեռ ուժեղի գարշապարները կլզե… Այո՛, դուն ճիշտ ես միայն, երբ կըսես, թե իմ դաստիարակությունը չի զորեց փրկելու մեր զավակները իրենց վատ բնազդներեն…