Էջ:Barpa Khachik.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետքը կգտնեն, ուրեմն, վերջին գնացքին պետք է հասնիմ։


Ծերունին նայեցավ պատի վրայի ժամացույցին և ըսավ.


- Ճիշտ է, պետք է մեկնիս։


Միհրանը ուզեց մինչև կայարան ընկերանալ Մարիային, բայց նախ Մարիան և հետո ծերունին բողոքեցին: Մարիան կըսեր, թե կարող է մինակը երթալ կայարան։ Անիկա մեծ բաներու պատրաստված էր և ծիծաղելի կգտներ, որ չի կարենար մինակը անցնիլ մութ և ամայի փողոցներն, ուր արդեն կատուի մը անգամ չէր կարող հանդիպիլ: Բայց հայրը առարկեց աղջկանը, որ ճիշտա այդ մեծ պարտավորությունները կատարելու համար պետք չէր, որ իր կորովը մսխեր փոքրիկ բաներու վրա, իսկ պարզ Էր, որ Միհրանը պետք չէր երևար ոչ ոքի:


Մարիան հրաժեշտ առավ Միհրանեն, ըսելով, որ կետ առ կետ կկատարեր տված պատվերները և երկու օր հետո կուգար արդյունքի մասին տեղեկացնելու։


Հայր ու աղջիկ դուրս պիտի ելլեին, երբ տիկին Սոլը եկավ միացավ անոնց։


- Այսպեսով քանի մը րոպե ավելի կըլլամ աղջկանս հետ,— ըսավ ան։


Կայարանը տիկին Սոլը ծրար մը հանձնեց աղջկանը։


Մարիայի ընթրիքի բաժինն էր, որ մայրը հետը բերեր էր։


- Մա՛յր,— ըսավ Մարիան սրտնեղելով,— ես անոթի չեմ, ծիծաղելի է…


- Երբ անոթենաս, ծիծաղելի չես գտներ ծրարի պարունակությունը,— ըսավ մայրը և հեգնությամբ նայեցավ հոր և աղջկան գերագրգռված դեմքերուն։

                         *
                      *     *

Գիշերը Միհրանը անցուց ջղային վիճակի մեջ։ Հանգիստ և փափուկ անկողնին մեջ անիկա անքուն մնաց և մինչև առավոտ տանջվեցավ, գտնելու համար պատշաճ ելք մը, իր տարօրինակ կացության։


Այր ու կին Սոլերը իրեն հետ վարվեր էին ծնողական գուրգուրանքով։ Ոչ միայն Ռընե Սոլը, որ ուրախ էր մեկը գտնե-