Էջ:Barpa Khachik.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րանի հետ այդպիսի զգացողություն երբեք չէր ունեցած։


Բարունակի ազդեցությունը Մարիայի վրա կշեշտվեր հետզհետե։ Անիկա կքննադատեր Մարիան նույնիսկ արդուզարդի մանրամասնություններու մեջ։ Բարունակը անհանդուրժելի կգտներ, որ որոշ սկզբունքներ ունեցող մեկը ավելորդ զարդեր կրեր իր վրա և կամ թե բուրժուական վայելչության ձևեր պահպաներ, ինչպես, օրինակ, փողկապի գործածությունը տղամարդոց համար։ Երբ այս կարգի խոսակցություն կըլլար Միհրանի ներկայության, Միհրանը կծիծաղեր և կըսեր, թե հարցը առայժմ այդպիսի մանրուքների մասին չէ։ Բայց Բարունակը կբորբոքեր և կհասներ նույնիսկ հանդուգն եզրակացություններու։ Օր մը անիկա ըսավ Մարիային, Միհրանին մեկնելեն հետո.


- Միհրանը օպորտյունիստական գիծեր ունի։


Մարիան ըմբոստացավ Բարունակի այդ կարծիքին դեմ և նույնիսկ հաղորդեց Միհրանին, որ քիչ մը զարմացավ, բայց ըսավ.


— Կարևորություն մի՛ տար, Մարիա՛, այդ բոլորը նորընծայի բորբոքումներ են։


Բայց օրերու ընթացքին ոչ միայն Մարիան սկսավ իր արդուզարդը պատշաճեցնել Բարունակի ճաշակին, այլև ինքն ալ սկսավ քննադատել Միհրանը։


Թե՛ Մարիան և թե՛ Բարունակը անվերջ դժգոհություններ ունեին։ Անոնք դժգոհ էին, որ հեղափոխական զինյալ կռիվը կուշանար, և իրենց կարծիքով, այդ օպորտյունիստներն էին պատճառը, որ ամենախիստ վերաբերմունք ցույց չէր տրվեր կոմունիստների կենցաղային և այլ մանրամասնություններու վերաբերմամբ, թե ամեն րոպե և ամեն առիթի «այդ մարդիկ» բարձրաբարբառ չէին արտահայտեր իրենց հավատամքը, չէին նզովեր և հայհոյեր, երբ կգտնվեին սեփականատերի մը կամ գործատերի մը ներկայության։


Որքան ատեն, որ Բարունակը իր «հեղափոխական ավյունը» գործածության կդներ Մարիայի հետ խոսակցության մեջ, Միհրանը ներողամտությամբ կվարվեր, բայց Բարունակը սկսեր էր ծավալիլ հայ ուսանողական և բանվորական շրջանակներու մեջ, ուր կջանար համախոհներ գտնել և ար–