Էջ:Barpa Khachik.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրով կհատկացներ Միհրանին, իր տնտեսության հետ ծանոթացնելու համար։ Միհրանը հոժարակամ ընդունեց ծերունիի առաջարկությունը, և միասին դուրս եկան։


Անոնք անցան, նախ, տանը մերձավոր ածուներու քովերեն, ուր զանազան տեսակի ծաղիկներ տնկված էին, և որոնց մեջ կտիրապետեր վարդենին։ Հետո անցան ճագարանոցը, և Միհրանը ապշած մնաց ծերունիին ձեռք բերած արդյունքին վրա, մանավանդ, երբ այցելեց կաստոր և անգորա տեսակի ճագարները։


— Իմ նպատակս էր,— ըսավ ծերունին,— հագուստեղենի մեկ մասն ալ հայթայթել։ Եթե աղջիկներս ինձ հետ մնաին, այդ կարելի էր։ Կաստոր ճագարները կուտան հիանալի մորթ, որը կարելի է օգտագործել վերարկուներու համար, իսկ անգորայի մազը անզուգական է, ան կուտա մետաքսի նման փայլուն, բայց ամենաազնիվ հատկությունները ունեցող թել։ Տրիկոտաժի համար անմրցելի բուրդ է, թեթև, տաք, փափուկ և թավ։


Միհրանը ուշադրությամբ կհետևեր ծերունիին խոսքերուն և երբ իր կողմե հարցում մը կուղղեր, ինչ որ կապացուցաներ իր հետաքրքրությունը, ծերունիին աչքերը կլեցվեին լույսով։ Անիկա իրապես երախտապարտ կմնար Միհրանին ցույց տված ուշադրությանը համար։


Հետզհետե Ռընե Աոլը սկսավ ոգևորվիլ։ Անիկա Միհրանը տարավ հավնոցը, ուր ամեն տեսակի հավեր կային, հարդերու ներքևեն հավաքեց ձուերը և ցույց տալով անոնցմե ոմանց մեծությունը, սկսավ բացատրել հավաբուծության գաղտնիքները։ Ծերունին ոչ միայն կհետևեր գիտական մեթոդներու, այլև ինքը կուսումնասիրեր, փորձեր կկատարեր և իր ձեռք բերած արդյունքները, ինչպես նաև դիտողությունները կհաղորգեր մասնագիտական թերթերու բոլորովին անշահախնդիր կերպով։ Նույնը և ըրեր էր զանազան բանջարեղեններու մշակության համար, և ծերունին Միհրանը քշեց տարավ ծնեբեկի ածուները, ուր գտեր էր միջոցը ամեն տարի առաջնակարգ բերք ունենալու, ինչ որ ուրիշները կստանային չորս տարին մեկ անգամ։