Էջ:Barpa Khachik.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերը բացավ և պահ մը սքանչացած մնաց իր առաջ պարզված տեսարանին վրա։ Դալար դաշտերու հարթությունը թեթև կոհակներով կտարածվեր մինչև հորիզոնին գիծը։ Ջինչ երկնքին վրա ճերմակ ամպի ծվեն մը շուք կձգեր այդ կանանչ տարածության վրա։ Հեռուն հորիզոնը կփակվեր լայն և տարածուն կողերով բլուրներով։ Ասդին-անդին խիտ և կանանչ սաղարթներով ծառերու խումբը կխզեր դաշտերու միօրինակությունը, և անոնց բուներու մեջերեն կտեսնվեին կարմիր կղմինդրներով տանիքներ՝ գոմեր, տուներ և շտեմարաններ։ Արևի լույսը և ջերմությունը կանձրևեին այդ բեղմնավոր դաշտերուն վրա, որոնց կուրծքը կարծես հըրճվանքով կուռեր արեգակի ճաճանչներու գգվանքով։


Միհրանը շտապեց իջնելու ճաշասրահ, ուր ծերունին կընախաճաշեր։ Այդ երկու օրվան ընթացքին Միհրանը հաճախ ունեցեր էր խոսակցություններ անոր հետ, որոնց երբեմն կմասնակցեր նաև տիկին Սոլը։ Միհրանը զարմացումով անդրադարձեր էր, որ Ռընե Սոլը շատ ավելի հանգամանորեն տեղյակ էր միջազգային բանվորական շարժումին, անոր հանգրվաններուն և նպատակներուն, քան թե կարելի էր երեվակայել կյանքե կտրված մեկու մը կողմե։ Սոլը ջերմ համակրանքով հետևեր էր նաև ռուսական մեծ հեղափոխության և անոր ընթացքին։


- Ես ոչ մեկ րոպե չի կասկածեցա,— ըսավ ան նախորդ իրիկունը,— որ արտաքին միջամտությունը, այդ կոլչակներու, դենիկիններու, վրանգելներու և դեռ ուրիշ ազգի բորենիներու գործը պիտի ենթարկվի չարաչար և խայտառակ պարտության։ Լսեցե՛ք, որդիս,— ըսավ ան՝ ներշնչված երևույթով,– երբ մեր ծախված պոռնիկ մամուլը թմբուկ կզարներ, որ Դենիկինը մոտեցեր Էր Մոսկվային, որ Մոսկվայի գրավումը հակահեղափոխականներով կողմե այլևս ժամերու խնդիր Է, և մեր քաջերը կպատրաստեին արդեն իրենց դանակները՝ համեղ պատառները կորզելու համար, ես իմ անկյունիս մեջ ուրիշ եզրակացության եկա, ես ըսի Լիզային՝ «Այդ ավազակները մոտեցե՞ր են Մոսկվային, այդ լավ Է, ուրեմն, այլևս կհանդիպին բանվորական զինված ուժերու, և այդտեղ ալ վերջ կգտնե իրենց արկածախնդրությունը»: