Էջ:Barpa Khachik.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իրենց ծանոթության հետևյալ օրն իսկ Ռընե Սոլը իմացեր էր, որ Միհրանը կոմունիստ է: Միհրանը զարմացեր էր, որ ծերունին այդ իրողությունը կընդուներ իբր շատ պարզ բան մը, և ան հետաքրքրվեր էր Միհրանի գործունեության մանրամասնություններով, երբեմն գնահատելով և երբեմն ալ դիտողություններ ընելով։


Նույն օրը, երբ Միհրանը և Ռընե Սոլը անտառակին մեջ կաշխատեին, Միհրանը դադարի մը միջոցին, օգուտ քաղելով ծերունիին լավ տրամադրութենեն, հարցուց անոր.


— Հա՛յր, այդպիսի գաղափարներ ունենալով և այդքան ճիշտ ըմբռնում՝ մեր ժամանակի խնդիրներու մասին, ինչպե՞ս կըլլա, որ մեկուսացեր եք ձեր անհատական կյանքին մեջ։


Ծերունին կնճռոտեցավ, ծխամորճը հանեց գրպանեն, լեցուց ընտիր ծխախոտով, որ իր պարտեզին մեջ կմշակեր գաղտնապես, և ըսավ ծանրորեն շնչելով.


— Այն միջոցին, որ ես այդ որոշումը առի, ասկե մոտ քսանհինգ տարի առաջ, ուրիշ բան մը չէի կրնար ընել։ Գարշահոտ երրորդ հանրապետությունը ինձ նողկանք կպատճառեր։ Ես,— ըսավ անիկա, ծխամորճը քանի մը անգամ քաշելե հետո,– իմ երիտասարդական տարիներուս եղեր եմ զանազան առաջապահ կոչված կազմակերպություններու մեջ և առանց հավակնության կարող եմ ըսել, և այդ, թերևս, իմ դժբախտությանս համար, գտնվեր եմ ղեկավար շրջանակներու մեջ… է՜հ, ուրեմն, երիտասարդ,— ըսավ ան սըրտմըտության արտահայտությամբ,– կեղծիքը ու խաբեբայությունը ինձ խղդեր են… հաճախ իմ զգացած ամոթես լացեր եմ հեկեկալով… Ժողովրդի այդ չար հովիվները ամեն ինչ կվերածեին պատվանդանի՝ իրենց համար։ Այդ յուրօրինակ արկածախնդիրները. աշխատավոր ժողովուրդի ամեն մեկ զոհողությունը՝ գործադուլներ, բողոքի ցույցեր և այլն, կդարձնեին սանդուղի աստիճաններ, որպեսզի անոնց թափած արյան գնով մագլցին իշխանության գլուխը։ Իսկ անգամ մը, որ հասնեին իրենց նպատակին, բարի երեկո՛, կոմեդիան վերջացավ, այլևս ոչ միայն չէին ճանչնար այն շարքերը, որոնք իրենց ուսերուն վրա բարձրացուցեր էին այդ մարզիկը, այլև անզգամորեն, անամոթորեն կդառնային արյու֊