Էջ:Barpa Khachik.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռընե Սոլը անմիջապես զգացեր էր Միհրանին ջղագրգիռ վիճակը, բայց անիկա այդ վերագրեր էր Մարիան տեսնելու անհամ թերության և գողտր զգացումով երբեմն կժպտեր երիտասարդին։


Անոնք երկուքն ալ գետնախնձորի արտերուն մեջ էին և հողը կկակղեցնեին բույսերու բուներու շուրջը, երբ հեռուեն լսեցին Մարիայի գերագրգռված ձայնը և տիկին Սոլի ուրախ բացականչությունները։


- Թ՛ող աշխատանքդ և գնա, — ըսավ Ռընե Սոլը ոտքի կանգնելով,— ես դեռ կշարունակեմ:


Միհրանը վազելով գնաց դեպի տունը և խոհանոցի դռան առաջ գտավ Մարիան, դեռ հացը բազուկին վրա։


Մայրը վերջապես վերցուց հացը աղջկան ձեռքեն, և Մարիան ու Միհրանը քաշվեցան ճաշասրահը։


- Ի՞նչ լուր,– ըսավ Միհրանը անհամբեր։


- Շա՜տ, շա՜տ բան ունիմ քեզ հաղորդելիք,— պատասխանեց Մարիան, գլխարկը հանելով և դնելով աթոռի մը վրա։


Արդարև, Մարիայի բերած լուրերը շշմեցուցիչ էին։ Անոնք Միհրանի առաջ կգնեին նոր հարկադրություններ, նոր ստիպողական պարտավորություններ։

                      *
                   *     *

Մայիսի մեկի գիշերը, ժամը տասնին մոտ, Վիկտորյան, որ ընթրիք պատրաստեր էր ոչ միայն Բարպային, այլև Միհրանին և Յորկիին համար — Բարպան հայտներ էր, որ երկուքն ալ անպատճառ պիտի գային Մըդոն,– տեսնելով, որ ոչ մեկը չէր դարձեր տուն, սկսավ մատնվիլ անձկալի մտահոգության։ Անիկա նախ հուսաց, որ իր ժամացույցը առաջ է և թե փաստորեն այդքան ուշ չի կրնար ըլլալ, բայց հարևան տան աղախինը, որուն ժամը հարցուց, հաստատեց, որ ճիշտ ժամը տասն էր: Վիկտորյան կերթար մեկ սենյակեն մյուսը, կարծես իր սիրելիները որոնելով: Ամեն մեկ առարկա, որ աչքին տակ կիյնար, իրեն կհիշեցներ Բարպան, Միհրանը կամ Յորկին, և փոխնիփոխ կլեցվեր արհավիրքով