Էջ:Barpa Khachik.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վիկտորյան, առանց պատասխանելու, սկսավ հեկեկալով արտասվել։


— ճանը՜մ, տիկին Վիկտորյա՛ , հոգդ մ՝ընե՛ր, չար խաբարը շուտով կուգա,— ըսավ ան և մեկնեցավ։


Վիկտորյան՝ անճրկած, չէր գիտեր ի՞նչ ընել։ Չարիքի բոլոր սահանքները բացվեր էին իր առաջ, և ինքը անզոր և անպաշտպան էր անոր առաջ։ Տունը կարծես օտարացեր էր իրեն, և անիկա կդողար և ցուրտ կզգար, ինչպես եթե դռները և բոլոր պատուհանները բացված ըլլային։


Վիկտորյան իր աղի արցունքներե այրող աչքերը դարձուց ժամացույցին և մտադրեց մինչև ժամը տասը սպասել և հետո երթալ քաղաք։ Անիկա կմտադրեր Մաննիկը գտնել և միասին որոշել իր ընելիքը։


Ժամը իննին քաղաքային տաքսի մը կանգ առավ դռանը առաջ։ Վիկտորյան վազեց դուռը բացավ՝ նախքան շոֆերի ազդանշան տալը։ Բարպան էր, որ անծանոթ երիտասարդի մը հետ փոխադրվեր էր տուն։ Անիկա նախորդ իրիկունը, կեսգիշերին, տարեր էին Կոշեն հիվանդանոցը և առավոտուն, իր պնդումներուն վրա, տաքսիով փոխադրեր էին Մըդոն։


Վիկտորյան տեսավ անոր գլխի և կզակի վիրակապերը, բայց չազդվեցավ, Բարպան ողջ էր, այդ էր էականը։ Անիկա օգնեց անծանոթ երիտասարդին՝ վիրավորը փոխադրելու տուն, իր անկողնին վրա։ Գիշերը հիվանդանոցին մեջ խնամեր էին գլխին եղած վերքերը։ Հիվանդանոցի ներքին բժիշկի կարծիքը այն էր, որ աչքը և կզակը որևէ բարդություն չէին ներկայացներ, վերքերը շուտով կբուժվեին, բայց Բարպան ստացեր էր ուժեղ հարված մը կողին վրա, և բժիշկը վախ ուներ, որ արյան խռնում եղած է երիկամունքին մեջ:


Բարպան խուլորեն կմռնչեր անկողինը փոխադրված ժամանակը, իսկ Վիկտորյան, մեռելի պես դժգույն, կջանար օգնել անծանոթ երիտասարդին։ Երբ հիվանդը տեղավորեցին անկողնին մեջ, երիտասարդը ըսավ.


— Իսկ այժմ, ընկե՛ր, պետք է շատ զգույշ ըլլալ, երիկամունքը պետք է խնամել առանց օր կորսնցնելու, կարող է վատ հետևանքներ ունենալ։