Բարպան ըրած ջանքերեն քրտինք կթափեր, բայց անոր բաց մնացած աչքը, կարծես թե, ուրախության ցոլք մը ունեցավ, երբ ինքզինքը գտավ իր սենյակին ընտանի շրջանակին մեջ, և երբ այդ աչքը հանդիպեցավ Վիկտորյայի դեմքին։
Անիկա իր ձեռքը երկարեց երիտասարդին և մռլտաց վիրակապի տակեն.
— Շնորհակալությո՛ւն, ընկե՛ր։
— Մեզմե մեկնումեկը վաղը անպատճառ կանցնի ձեզ մոտ,— ըսավ երիտասարդը և մեկնեցավ։
Տանը սեմին վրա երիտասարդը մտերմաբար խոսեցավ Վիկտորյային հետ.
— Մայրի՛կ, այսօր իսկ բժիշկ կանչեցեք, պետք է լավ խնամել հիվանդը, մինչև բժիշկի գալը միայն կաթ կամ կաթնեղեն տվեք և ջուր՝ որքան որ ուզե։
Վիկտորյան հնազանդ երեխայի պես կլսեր երիտասարդին խոսքերը, անոր ամեն մեկ բառին հավանության նշաններ ընելով, բայց անոր միտքը պաշարված էր հարցումով մը։
— Ո՞ւր են Միհրանը, Յորկին,— ըսավ ան։
— Այդ ես չեմ գիտեր,— պատասխանեց երիտասարդը, հրաժեշտ տվեց և մտավ տաքսին։
Բարպան գտնելով, Վիկտորյայի անձկությունը չի մեղմացավ, ընդհակառակը, անոր ջարդուկտոր եղած վիճակը իրեն մտածել կուտար, որ ավելի ծանր բաներ պատահած են Միհրանին և Յորկիին։ Անիկա դարձյալ կերթար խոհանոց, ձեռքերը ծնկներուն կզարներ և կողբար, բայց երբ կուգար Բարպային մոտ, կջանար իր հուզմունքը ծածկել։ Բայց Բարպայի աչքն ալ դարձեր էր հարցական։ Երբ բժիշկը եկավ և հիվանդը քննելե ու դարմաններ պատվիրելե հետո հեռացավ, Բարպան հարցուց Վիկտորյային.
— Ո՜ւր են տղաքը։
Վիկտորյան, որ աթոռով նստած էր մահճակալին քով, ինկավ Բարպային ծունկերուն վրա և սկսավ հեկեկալով լալ։ Բարպան ցցվեցավ անկողնին մեջ. անիկա շփոթ ձայնով կգոռար.