Էջ:Barpa Khachik.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այլևս չէ կարելի, — ըսավ, — հարևանները պետք է հանգիստ քնեն, բոլորն ալ այր ու կին, աշխատավորներ են։


Բարպան՝ բոլորովին հանգստացած և գրեթե ընդարմացած, կհետևեր այս բոլորին, և անիկա հոգվույն խորքին մեջ կզգար անսահման երախտապարտություն այդ անծանոթ կնոջ համար, որ հարազատի պես ընդուներ էր զիրենք և հանպատրաստից տեսակ մը ընտանիք կազմեր էր իրենց շուրջը, և ան ակամա բաղդատության մեջ կդներ այս կինը Ժոզեֆինին հետ և այդ բաղդատությամբ առաջին անգամ անկեղծությամբ և խստությամբ կդատեր Ժոզեֆինը։


Երբ հրաժեշտ առին մադամ Լենեն և դուրս եկան անոր սենյակեն, Յորկին զգաց, որ Միհրանը դեռ քնելու փափադ չունի։ Անոր ջիղերը գրգռված էին անհագ հետաքրքրությամբ, և հազար բաներու մասին կուզեր հարցուփորձել իր ընկերը: Երբ Բարպան և Վիկտորյան իրենց սենյակը մտան, Միհրանը բանալին վերցուց և գնաց միացավ Յորկիին, որ սենյակին մեջ լամպը վառեր և դուռը կիսաբաց թողեր էր:


Յորկին Միհրանին առաջ դրավ ծխամորճ մը և կապորալ սև ծխախոտի ծրար մը. բայց Միհրանը չէր ծխեր. Յորկին իր ծխամորճը լեցուց, սկսավ ծխել և պայքարելով խոնավ ծխախոտին հետ, որ դժվարավ կվառեր, աչքերը կկոցելով և երբեմն պտուտքելով սենյակին մեջ, սկսավ խոսիլ.


— Ա՜հ, այո, Միհրա՛ն, մանավանդ դուն շատ բան ունիս կատարելիք… ես շատ հայ ընկերներ ունիմ և գիտեմ անոնց խնդիրները… Հեղափոխական պրոլետարիատի պայքարի ընդհանուր ճակատի վրա կարևոր դիրք մըն է հայ աշխատավորներուն պայքարի դիրքը. դուք պետք է պայքարիք, գլխավորաբար, ձեր դասակարգային թշնամիներուն դեմ դաշնակներու և ամեն տեսակ ազգայնականներու դեմ և միևնույն ատեն ներգրավեք տատանվողները, նույնիսկ այդ ազգայնական կուսակցություններու շարքայինները, որոնք աշխատավորներ են և ոչ մեկ շահ չունին իրենց դասակարգային թշնամիներուն հետ ըլլալու… Այստեղ կան փափուկ կետեր… ամենքն ալ անխտրաբար վնասված են իմպերիալիստական պատերազմեն, զոհեր տված են, դեռ արյունոտ