Էջ:Barpa Khachik.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոտ կրկին գացի Մըդոն։ Մորեղբայրդ բավական լավ էր, իսկ կբավեր տեսնել Վիկտորյան՝ հասկնալու համար, որ լուր ստարեր էին Յորկիեն։


Միհրանը գլուխը բարձրացուց։


— Հեռագիր ստարեր էին Բելգիայեն,– ըսավ Մարիան։


— Ինչո՞ւ Բելգիային,— հարցուց Միհրանը։


— Որովհետև Յորկին Բելգիա անցեր է։


— Ինչպե՞ս թե Բելգիա անցեր է…


— Տարեր են,— ըսավ Մարիան,— Մայիսի մեկի առավոտուն կանուխ ձերբակալեր և տարեր են սահմանագլուխ։


— է՛հ, հետո՞…


— Հետոն դեռ չենք գիտեր։ Հեռագրի մեջ կա միայն այդքանը,— ըսավ Մարիան,— և նաև երկու բառ. «Առողջություն կատարյալ»։


Միհրանը ինկավ մտատանշության մեջ։ Յորկին՝ վտարված, ինքը՝ փախստական, իսկ Բարպան՝ անգործ։ Եվ ոչ մեկ հնարք այդ պայմաններու մեջ նոր գործ գտնելու, կերպով մը ապրելու…

                      * 
                   *     *

Հոկտեմբեր ամսի առաջին օրերուն, առավոտ մը կանուխ, Բարպան, որ ամբողշ գիշերը անքուն էր անցուցեր, կամաց ելավ անկողնեն և, Վիկտորյան չզարթնեցնելու համար, հուշիկ քայլերով անցավ խոհանոց. այնտեղ նախորդ իրիկվընե պատրաստած փոքրիկ փայտերով վառարանը վառեց, կաթը և սուրճը դրավ վառարանին վրա և գնաց խոհանոցին դուռը բանալու։


Անիկա երկար ատեն հիվանդ մնացեր էր, և դեռ աջ երիկամունքը բոլորովին առողշացած չէր։ Ստիպված խիստ ռեժիմի հետևելու, զրկված, մանավանդ, իր օղիեն, որ իր կյանքի ամենավատ օրերուն, գոնե քանի մը րոպե, կկազդուրեր զինքը, անիկա տխրած աչքերով կդիտեր աշնանային բնանկարը։


Ծառերու տերևները դեղներ, կարմրեր, սպիտակեր էին և կթափվեին։ Թե՛ իր և թե՛ շրջակա պարտեզներու մեջ գե-