Էջ:Barpa Khachik.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերքեր ունին, զգույշ պետք է ըլլալ, բայց և հայտնել ճշմարտությունը… Ովքե՞ր են բուն պատասխանատուները այդ զարհուրելի դեպքերուն… այդ պետք է պարզվի արևի լույսի նման… և հետո, ռուսական հեղափոխության իմաստը… այդ հեղափոխության դերը Հայաստանի պրոլետարիատի ազատագրման մեջ… Դուք հիանալի հենարան ունիք՝ խորհրդայնացած Հայաստանը, ձեր ազգային արժանապատվության կռվանը այնտեղ է… դուք պետք է խլեք ձեր դասակարգային թշնամու, այդ արյունարբու գազաններու ձեռքեն հայրենասիրության օրինավոր և ազնիվ զգացումի շահագործման հնարավորությունը, հայ աշխատավոր մասսաներուն տալով խորհրդային մեծ երկրի, եղբայրացած ժողովուրդներու հաղթական երկրի, Խորհրդային Անդրկովկասի և Խորհրդային Հայաստանի հայրենասիրությունը…


Ա՜խ, եթե մենք՝ հույներս,— ըսավ Յորկին, — ունենայինք այդպիսի հենարան մը, ինչպես դուք ունիք, իրականացած հեղափոխության փայլուն և անառարկելի օրինակը… Մտածե՛, որ դուք մաս կկազմեք հաղթական մեծ կարմիր բանակին, պատմականորեն ձեր աշխատավորությունը կմասնակցի մարդկությունը առաջնորդող անխորտակելի հզորության մը. իսկ մեր թշվառ երկրի մեջ պրոլետարիատը՝ օղակված ներքին և արտաքին թշնամիներով, օրհասական պայքար է, որ կտանի։ Բայց այլևս չկա ձեր և մեր հայրենիքը,— ըսավ Յորկին,— միջազգային պրոլետարիատի իսկական հայրենիքը, այն, որուն համար ամեն մեկս պատրաստ ենք մեր արյունը թափել, հեղափոխական Ռուսաստանն է, խորհուրդներու երկիրը… ա՜հ…


Հետո երկու երիտասարդները խոսեցան անմիջական խնդիրներու մասին։ Յորկին կմտածեր Միհրանը տեղավորել իր ֆաբրիկային մեջ։


— Քեզ համար քիչ մը դժվար կըլլա առաջին օրերը, բայց կծանոթանաս ընկերներու հետ, հետո առիթ կունենաս մտնել սինդիքայի մեջ… հետո իբրև բանվոր քո փոխանցումը ֆրանսական կոմկուսին մեջ կըլլա շատ ավելի դյուրին:


Միհրանը ոգևորությամբ կհետևեր Յորկիի խոսքերուն: