Էջ:Barpa Khachik.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թա… իր ճամփուն վրա ձգելով բարկ անուշահոտություններու հետքը… Եթե իրեն հանդիպիս և միամտությունը ունենաս հարցնելու, թե ո՞ւր կերթա… կպատասխանե, շատ համոզիչ և պարզ ձևով, որ աշխատանոցին մեջ ստիպողական գործ ունին և թե գիշերը պիտի աշխատին։


— Մի՞թե այդպես կին Է,— ըսավ Միհրանը, և անոր աչքերուն բիբերը ընդլայնեցան զարմացումեն։


— Այո՛, սրտառուչ, ազնիվ, անվնաս կին Է, ահա թե ի՛նչ կին Է, դեռ ավելին…. պարկեշտ և բարի կին Է… և տասնյակ֊հազարավորներ կան իրեն պես…

                      *
                   *     *

Բարպա Խաչիկը, թեև դժվարավ, բայց վերջապես համակերպեցավ որ Միհրանն ալ գործ փնտրե և ավելի ուշի թողու ուսմունքը շարունակելու ծրագիրը։ Բայց անիկա վճռականապես հայտարարեց, որ ինքը չէր զիջեր երբեք Միհրանի և Յորկիի աշխատանքի արդյունքով անգործ ապրելու մտքին։


— Դուք իմին աղեկությո՞ւնս կուզեք կոր, թե մահս կուզեք կոր,— ըսավ ան Միհրանին և Յորկիին, մռայլելով։– Եթե մեյ մըն ալ ինձի խոսիք անգործ տանը մնալու մասին, ես ալ գլուխս կառնեմ կերթամ, հավիտյանս ձեր երեսը չեմ նայիր։


Յորկին հասկցավ, որ ճարը չի կար, և խոստացավ իր ընկերներու միջոցով գործ մը գտնելու։ Բայց Բարպան անհամբեր էր և հետևյալ օրն իսկ Միհրանին ընկերացավ, ինքն ալ գործ մը գտնելու համար։


Շաբաթներ և շաբաթներ տևեց այդ չարչարանքը։ Բարպա Խաչիկը այն տպավորությունը ուներ, որ նետվեր էր հորձանքի մը մեջ և գլխապտույտ արագությամբ ինքն իր վրա դառնալով, կերթար դեպի անորոշ վախճան մը։ Անիկա ժամանակ իսկ չուներ մտածելու, պահ մը անդրադառնալու իր վրա, ցավելու կամ ուրախանալու։ Ահագին աղմկալի մեքենա մը իրեն և իրենները առեր էր իր անիվներուն