Էջ:Barpa Khachik.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միհրանը մեկ շունչով կարդաց և հետո ըսավ.


— Փարիզ եկեք, կըսե կոր… ուրախ Է, որ մեզ երեքս ալ պիտի տեսնե, հեռագիր ղրկեցեք, կըսե կոր, որպեսզի մեզի համար սենյակ մը վարձե իր բնակած տան մեջ, ինքն ալ կայարան պիտի գա մեզ դիմավորելու։


— Վա՜խ Վասիլ, վա՜խ Սոֆյա,— բացականչեց Վիկտորյան, և արցունքը հոսեց այտերուն վրա։


Անիկա սրտին խորքին մեջ խղճահարություն ուներ, որ փոխանակ հորը և մորը, ինքը՝ Վիկտորյան պիտի վայելեր Յորկին կրկին տեսնելու ուրախությունը։ Եվ այդ կհամարեր ճակատագրի մեկ անարդարությունը։


— Աս իրիկուն ճամփա չե՜նք կրնար ելլալ,– հարցուց Բարպան Միհրանին։


— Ինչո՞ւ չէ,— ըսավ անիկա և դուրս ելլելն ու կարգադրություններ ընելե առաջ Յորկիի հասցեով հեռագիր մը խմբագրեց. «Այս իրիկուն կմեկնինք Մարսիլիայեն»։

                      *
                   *     *

Բարպան ընդոստ արթնցավ իր անհանգիստ մրափեն, երբ գնացքը կանգ առավ։ Անմիջապես կայարանային ձայները դիմավորեցին զինքը։ Անիկա ծածկեց Վիկտորյային ուսը, որ դիմացի նստարանին վրա երկարած կքնանար, և գնաց նրբանցքը, որուն պատուհանները կբացվեին կայարանին վրա, և ուր վստահ էր Միհրանը գտնել։ Ամբողջ ճամփորդության ընթացքին Միհրանը ոչ միայն չէր կրցեր քնել, այլև չէր կարողացեր նստիր Անիկա ճամփորդության սկիզբը, իր սուր աչքերով մութը ծակելով, ջանացեր էր դիտել Ֆրանսիայի գյուղանկարները, քաղաքները, կայարանները, մարդիկ, շենքերը, ամեն ինչ։ Ամբողջ երկիրը իր առաջ կպարզվեր ինչպես խնամքով պահպանված պարտեզ մը, որուն մեջ գուղձ մը հողը, առվակներու եզրին ծաղկած վայրի ծաղիկներն անգամ կարծես հպատակեր էին գեղարվեստական ճաշակ ունեցող կամքի մը։ Բայց ինչ որ գերազանցապես կհրապուրեր Միհրանը, այն էր, որ մարդուս ներկայությունը, մարդուս ձեռքը զգալի էր ամեն մեկ տեղ՝ հողի