Էջ:Barpa Khachik.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քը կհասներ, երկվայրկյան չի տևած ժամանակի մը մեջ ավտոմատիկ կերպով կբանար իր վագոններու երեքական դռները, կուլ կուտար այնտեղ սպասողները, որոնք ակնթարթի մը մեջ, առանց իրար հրելու, պետք էր մտնեին արդեն խճողված վագոններու մեջ, դարձյալ ավտոմատիկ կերպով դռները կփակվեին, և գնացքը ճամփա կելլեր… Միհրանը անդրադարձուցեր էր Բարպային, որ մեկ րոպեի մեջ մետրոն մեկ կայարանեն մյուսը կհասներ, մեջը հաշվելով ճամփորդները պարպելը և նորերը ընդունելը, եթե պատահեր, որ ավելի մեծ խճողումի հետևանքով երկվայրկյան մը ավելի անցներ, մտնելու կամ ելլելու միջոցին, կոնդյուկտորները խռպոտ ձայներով կգոչեին՝ «շտապեցե՛ք, շտապեցե՛ք»։


Մետրոյի մեջ ոչ թե նստելու, այլ կենալու տեղ չէր ըլլար, ուս–ուսի, կուրծք֊կուրծքի, տղամարդիկ և կիները՝ ուշ մնացողի անձկալի դեմքերով, կմնային քարացած, և ամեն կայարաններու մեջ այդ խիտ բազմությունը կալեկոծվեր իր տեղին վրա։ Ճիշտը ըսելով, այդ ալեկոծությունը երբեք չէր դադրեր, քանի որ հաջորդ կայարանը իջնողները կպատրաստվեին հառաջանալ և անընդհատ կլսվեր,-Դուք պիտի իջնա՞ք… դուք պիտի իջնա՞ք…– և խիտ բազմության մեջ պետք էր տեղ բանալ իջնողներուն։


Բարպան հազիվ թե քիչ մը նոսրանալու հույսը կսնուցաներ, և ահա մարդկային նոր ալիք մը կխուժեր ներս, երբեմն ավելի սեղմ խտացում հառաջ բերելով։


Երբ կմոտենային իրենց իջնալիք կայարանին, Միհրա– նը առաջուց ճամփա կբանար, և Բարպան երեխայի պես կհետևեր երիտասարդին։ Բարպան առաջին օրերը հետաքրքրվեցավ կայարաններու պատերուն վրա եղած պատկերազարդ աֆիշաներով, բայց անոնք հազիվ թե կերևային, անմիջապես կանհետանային այս դժոխային արագության մեջ, հետո անոնց անվերջ հաճախումը սրբեց Բարպայի միտքեն որևէ հետաքրքրություն՝ առանց հագեցում տալու անոր։


Ընդհանրապես Շատըլեի կամ Կոնկորդի կայարանը կիջնային՝ նոր գիծ վերցնելու համար։ Առանց խոսելու, Միհ–