Էջ:Barpa Khachik.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Դուն քի՞չ էմեք ունեցեք ես թե՛ Յորկիին և թե՛ Միհրանին վրա:


Հարցը այն չէր Բարպային համար, թե որքան իրավունք ուներ ուրիշներու աշխատանքի արդյունքովը ապրելու, այլ իր անօգտակարության զգացողությունը, որուն հետ չէր կրնար հաշտվիլ։ Բարպան կզգար, որ դեռ կարող է աշխատիլ, դեռ իր բազուկներուն մեջ ուժ կա, և այն պատրանքը ունեցեր էր, որ իր արհեստին մեջ ունեցած վարպետությունը պիտի գնահատվի Փարիզի մեջ։ Թերես և գնահատեին իր վարպետությունը, եթե առիթ ըլլար իր հունարը ցույց տալ, բայց բոլոր դոները փակ էին ալեհեր և օտարական արհեստավորին առաջ։


Բոլորովին դիպվածով, Բարպան ծանոթացավ այն փարիզյան սրճարաններեն մեկուն հետ, ուր ուրիշ գաղթական հայեր կհաճախեին: Վիկտորյան պատվիրեր էր Բարպային երթալ Կադե փողոցը և այնտեղ հաստատված հայ նպարավաճառե մը արևելյան համեմներ գնել։ Մետրոյին Կադե կայարանեն դուրս ելլելով, Բարպան մտեր էր անկյունի սրճարանը։ Այնտեղ կհաճախեին զանազան առևտրական միջնորդներ, սնանկացած վաճառականներ, նախկին փաստաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, գլխավորապես պոլսեցի, իզմիրցի, տրապիզոնցի, որոնք մասնավորաբար կզբաղեին ադամանդի և գունավոր թանկագին քարերու առևտրով, որպես միջնորդներ:


Առաջին անգամ, որ Բարպան մտավ այդ սրճարանը և ամեն կողմերե լսեց հայերեն և, մանավանդ, թրքերեն խոսքեր, տեսակ մը գրավիչ հաճույք զգաց, որուն ենթարկվեցավ գրեթե մեքենաբար: Անիկա ոչ մեկ ծանոթ չուներ այդ աշխարհին մեջ և գնաց առանձին նստեցավ կլոր սեղանի մը առջև և սուրճ մը պատվիրեց։ Բայց շուտով իր առանձնությունը խանգարեցին, ամեն կողմերե հետաքրքրվեցան նորեկով.


— Նո՞ր ես եկեր… ինչպե՞ս կըլլա, որ մինչև հիմա քեզ չենք տեսեր… ո՞ր տեղեն… հա, Պոլսե՞ն… ի՞նչ կա չի կա… գործերը քիչ մը բացվեցա՞ն, թե դարձյալ անանկ է… աղբա՛ր, ինչո՜ւ եկեր ես, այստեղ երկաթագործի տեղ չէ…