Էջ:Barpa Khachik.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հելալ աշխատանքը ստակ մը չըներ… կրնա՞ս հնարք մը գտնել, դալավերա մը դարձնել, դուն ատոր մտածե։


Հակառակ կրած անախորժ տպավորության, Բարպան սովորություն ստացավ հաճախել այդ սրճարանը: Անիկա այդտեղ լսեց անլուր խաբեբայություններու, խարդախություններու պատմություններ, որոնց հերոսները իրենք իսկ պարծենալով կպատմեին իրենց շահատակությունները և նույնիսկ՝ պարծանք կզգային և երբեմն նույնիսկ, կարծել թե, կչափազանցեին, որովհետև թերահավատությունը կերեվար լսողներու դեմքին վրա, որոնք, միևնույն ատեն չուզելով խաբվիլ, կբացականչեին.


- ՉԷ՛, ճանը՞մ, դուն ալ որու կկլլեցնես կոր…


Բարպան երբեք սերտ հարաբերության մեջ չէր եղեր առևտրականներու հետ և հոգիի բոլոր թափովը նողկանք և զզվանք կզգար այդ մարդոց նկատմամբ, և ամեն անգամուն Բարպան կմտադրեր այլևս ոտքը չի դնել այդ «ավազակներու որջին» մեջ, բայց երբ իր Բրոկա փողոցի սենյակին պատուհանեն կդիտեր գորշ տանիքներու անվերջ հաջորդությունը և ծխնելույզներու թունավոր շունչը, որ կզգար նույնիսկ փակ պատուհաններու ետևե, կարծես հակառակ իրեն կմղվեր պատրվակ մը գտնելու և էրթալու այդ սրճարանը։


Անիկա այդ մասին չէր խոսած ո՛չ Վիկտորյային և ոչ ալ երիտասարդներուն, և այն հանգամանքը, որ որոշ անխոստովանելի հաճույքով կհաճախեր այդ սրճարանը, տեսակ մը ամոթ կպատճառեր իրեն, խնդիրը այն էր, որ հակառակ իր զգացած նողկանքին, անիկա այդ սրճարանին մեջ կվերագտներ բան մը պոլսական սրճարաններեն և այդպիսով հագուրդ կուտար իր հայրենաբաղձության։


Երբ Վիկտորյան՝ ծանրաբեռնված մթերքներով, կբարձրանար վեց հարկը, դեռ քողը չի հանած կնստեր աթոռի մը վրա, գետինը դնելով երկու ձեռքերուն ծանր բեռները, Բարպան կըսեր.


— է՛հ, դուն եկար նե, ես քիչ մը դուրս ելլեմ։


Վիկտորյան շատ գոհ կըլլար, որ Բարպան որևէ ցանկություն կհայտներ, և իր մոտ եղած փողեն երբեմն երկու