Էջ:Barpa Khachik.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անոնք կարհամարհեին ֆրանսիացիներու ճաշակը և շատ անգամ հեգնությամբ կխոսեին տեղացիներու մասին։


— Ասոնք, ճանըմ, էնայի մարդիկ են, — կըսեին անոնք,– ո՛չ ուտելու համը գիտեն, ոչ ալ… խոսքը մեջերնիս… կնիկ սիրելու…


Երբեմն ալ բուռն վիճաբանություններ կըլլային Թուրքիո տարբեր քաղաքներն եկած մարդոց մեջ, որոնք իրարու հետ կմրցեին իրենց բնիկ քաղաքներու առավելություններու մասին, կերակուրի, կանանց գեղեցկության, տանտիրուհիներու բարեմասնության և այլ այդ կարգի խնդիրներու մասին։ Տրապիզոնցիները մեծխոսիկ էին, պոլսեցիները՝ զևզեկ, իզմիրցիները՝ հավակնոտ, և այդ վիճաբանությունները երբեմն կհանգեին կռիվննրու։


Ֆրանսիացի գարսոնները անայլայլ կդիտեին այս տեսարանները, հույները և հրեաները կծիծաղեին, բայց մյուս հայ հաճախորդները վերջիվերջո կմիջամտեին, կռվող կողմերը կբաժնեին իրարմե։


— Ամո՛թ է,— կըսեին անոնք,– հայ անունը մի խայտառակեք… հիմակ ոստիկան կբերեն…


Բարպան դիտեր էր, որ հայ անունը կամ հայությունը չի խայտառակելու հոգը կգերակշռեր այդ մարդոց մեջ։ Բայց անոնց բոլորովին հոգը չէր, որ իրենք անձամբ կամ ուրիշները խայտառակ արարք մը կատարեին, միայն թե չի հայտնվեր այդ հայ անունով, թերթերու մեջ չի գրվեր, որ այդ կատարողը հայ է։ Անոնք իրենց մոտ ունեին զանազան ազգությանց պատկանող անցագիրներ, և շատերը ներկայացած էին ոստիկանության օտարականներու բաժինը՝ թրքական, պարսկական, բուլղարական, ամերիկյան անցագիրներով, նույնիսկ մեկը կար, իզմիրցի նախկին վաճառական մը, որ ուներ նորվեգիացիի անցագիր, որը հայտնի չէր, թե ինչպես ձեռք անցուցեր էր։ Այնպես որ, եթե իրենցմե մեկնումեկը ոստիկանության ձեռք անցներ, և պատահած դեպքը թերթի մեջ երևար, օրինակի համար՝ «Սարգիս Մանուկյան, ազգությամբ հույն կամ պարսիկ և այլն», այդ սրճարանի հայերը գաղտագողի այդ թերթը ձեռքե-ձեռք կանցնեին, կժպտեին բավականությամբ և մեկ աչքերնին