դառնորեն բողոքելով Միհրանին և Յորկիին դեմ, որ անհոգ կգտնվեին և իրեն գործ մը չէին գտներ։
Շաբաթ իրիկուն մը ընթրիքեն հետո, երբ Բարպային սրտնեղությունը ծայր աստիճանին հասած էր, Միհրանը առաջարկեց մորեղբորը միասին կինո կամ թատրոն երթալ…
— Ինձմե աղվոր թեադրո՞,— ըսավ Բարպան դառնությամբ,— թեադրոն իմ կյանքս է, ալ բան մնա՞ց, որ գլխուս գար, վեպի մեջ կարդաս՝ չես հավատար. ի՞նչ էի, ի՞նչ եղա, բե՛…— ըսավ ան և կատաղությամբ սկսավ սիգարեթ մը ոլորել։
Երկու երիտասարդները վճռականապես խոստացան գալիք շաբաթվան մեջ հոգալ Բարպային գործ մը գտնելու մասին։ Բարպան հանգստացավ և հոժարեցավ միասին դուրս ելլել։
Ձմեռվան ցուրտ իրիկուն էր, օդը չոր էր, բայց գետինը սառած էր, և մայթերը դարձեր էին սահուն։ Բարպան հաճախ կսայթաքեր, բայց կմերժեր Միհրանին կամ Յորկիին թևը բռնել, ինչպես կառաջարկեին անոնք: Վերջապես հասան Բուլվար Սեն-Միշել և գացին «Սուրսը»։ Սրճարանը այդ միջոցին լի էր ամեն ազգերուն պատկանող ուսանողներով։ Ծխախոտի ծուխով թանձրացած մթնոլորտին մեջ գարսոնները՝ բեռնավոր ափսեները ձեոքերնուն վրա բռնած, անվերջ անցուդարձ կընեին և կսպասարկեին պահանջկոտ հաճախորդներուն։ Միհրանը և Յորկին, բազմաթիվ երիտասարդներու բարևելե հետո, գացին տեղավորվեցան Բարպային հետ առանձին սեղանի մը շուրջը։
— Այսօր դրամ ստացեր ենք, —ըսավ Յորկին,— քևֆ մը ընենք,— և մեյ֊մեկ բաժակ կոնյակ պատվիրեց։
Քիչ հետո եկան երկու ուսանողներ, Արամը և Վահրամը, որոնք անդամ էին Միջազգային ուսանողներու ընկերության և առանց այլևայլի նստեցան Բարպայի սեղանին շուրջը։
Միհրանը ներկայացուց մորեղբայրը այդ երիտասարդներուն, ըսելով, թե Բարպան երկաթագործ արհեստավոր էր և Յորկիի հոր՝ Վասիլի հետ փորձած էր արհեստակցական միություն հաստատելու։