Էջ:Barpa Khachik.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկու երիտասարդները բուռն կերպով հետաքրքրվեցան և սկսան հարցումներ ուղղել Բարպային։


Բարպան, որ Միհրանի բաժակն ալ պարպեր էր, այս վերջինի հրավերով, հետզհետե կոգևորվեր։ Բարպան զգացված կդիտեր Վահրամի նիհար դեմքը, որ լրջությամբ կլսեր իր խոսքերը և երբեմն կնոթագրեր։ Այդ ուշադիր հետաքրքրության տակ Բարպան առաջին անգամ իր կյանքին մեջ անդրադարձավ, որ տարիներ առաջ, Պոլսո մեջ, Վասիլի և ընկերներու հետ կազմած ծրագիրները և կատարած փորձերը կարևորություն մը և արժեք մը ունեին։ Երիտասարդները,նախ, իրեն հետ կխոսեին ընկեր Խաչիկ ըսելով, բայց երբ լսեցին, որ Միհրանը և Յորկին իրենց քեռին Բարպա կկոչեին և լսեցին այդ անվան նշանակությունը, ըսին անոր.


- Ընկեր Խաչիկ, դուն մեր ալ Բարպան ես, մեր սիրելի քեռին… այն գործը, որուն համար մենք պատրաստ ենք ամեն կարգի զոհողության, դուք արդեն այնտեղ սկսեր եք, ձեր այնտեղի և ժամանակի հնարավորության չափով…


- Մենք չի հաջողեցանք,— ըսավ Բարպան, բայց ոչ տխրությամբ, և ուշադրությամբ սպասեց այդ երիտասարդներու պատասխանին։


- Դուք չի հաջողեցաք,– ըսավ Վահրամը,– որովհետև ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ, բայց մենք կհաջողինք։ Մեր պայքարը, Բարպա, կվերջանա հաղթանակով, և այն ատեն ձեր կատարած գործը չի կորչիր, իր արժեքը կստանա, անիկա կդառնա մեր աշխատավորության ազատագրման պայքարի առաջին հանգրվաններեն մեկը…


Բարպան մատնվեր էր հուզմունքի և խորապես զարմացած էր, որ այդ ուսումնական տղաքը—անոնք ուսանողներ էին—իրենց վրա վերցուցեր էին աշխատավոր մարգոց հոգերը. անիկա հանկարծ հիշեց Վասիլը և խոր հառաչելով՝ ըսավ.


- Վասիլը ողջ ըլլա՜ր, տեսնա՜ր…


Հետո այդ երիտասարդները Միհրանին հետ խոսեցան գաղութահայ կյանքի վերաբերյալ զանազան գործերու մասին։ Բարպան բուռն հետաքրքրությամբ կլսեր անոնց խոսքերը, անիկա շատ բան չէր հասկնար և կմտագրեր հետո