Էջ:Barpa Khachik.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուսաբանություններ ուզել Միհրանեն, բայց անիկա խորապես հասկցավ, երբ Արամը ըսավ.


— Մեր գործին մեջ ռիսկ կա, թուլամորթ երիտասարդության աչքը կվախցնեն այդ ռիսկով… Հիմակ ամբողջ խնդիրը այն է, որ մենք մեր աշխատավորներուն հասկցնենք,որ չեզոքությունը անկարելի է…


— Ո՞վ կհավատա չեզոքության,— ըսավ անհամբերությամբ Յորկին,— ինչպե՞ս պիտի պահեն այդ չեզոքությունը, օրինակի համար, գործադուլի պարագային…


— Ոմանց սիրած պատճառաբանությունը այն է, որ մենք այս երկրին մեջ հյուր ենք, Ֆրանսան մեզ ընծայած է հյուրասիրություն, մենք պետք չէ խառնվինք անոր ներքին գործերուն…


— Ներողությո՜ւն,— միջամտեց Միհրանը,— սա ի՞նչ ներքին և զուտ ֆրանսական գործ է, եթե ես ալ կաշխատիմ ֆրանսացի բանվորի կողքին…


— Եվ հետո,— ըսավ Յորկին՝ ծխամորճը լեցնելով,— պարզ հաշիվ թող ընեն, ուրիշ բան չեմ խնդրեր այդ պարոններեն… տասնյակ֊հազարավոր հայ բանվորներ կան,որոնք կաշխատին ֆրանսացի բանվորներուն հետ… լա՛վ… եթե այդ հայ բանվորները դավաճանեն իրենց տեղացի ընկերներու շահերուն, գին կոտրելով, գործադուլ խզելով… բարի եկաք, կըսե՞ն անոնց… և որո՞ւ համար պիտի ընեն այդ ստորնությունը, որպեսզի Կադե փողոցի բուռ մը ադամանդավաճառները չվրդովե՞ն իրենց հանգստի մեջ, իրենց գողի և ավազակի խայտառակ գործերուն մեջ։


Կադե փողոցին անունը լսելով, Բարպան ցնցվեցավ և ականջը սրած՝ հետևեցավ խոսակցության. անիկա երբեք չէր խոստովանած Միհրանին և Յորկիին, որ սովորություն ստացեր էր հաճախելու Կադե փողոցի անկյունին սրճարանը, և հիմակ գոհ էր, որ համամիտ էր այդ երիտասարդներու հետ, մեկ սիրտ, մեկ հոգի… Բացի իր արհեստավորի բնազդական և գիտակցական զզվանքը դեպի առևտրականները, կար նաև այն հանգամանքը, որ Բարպան ավելի ընդունակ էր հասկնալու և զգալու աշխատանքային հարցերը, քան թե այդ առևտրականներու ցուցադրած «հայրենասիրությունը»: