Էջ:Barpa Khachik.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ իրիկունը, երբ Աստուր աղան մոտեցավ Բարպայի սեղանին, մեծ բեռ մը ուներ սրտին վրա, որը փորձեր էր թեթևցնել ուրիշ սեղաններու շուրջը։ Պետք է ըսել, որ Աստուր աղան, բացի ազգային արժանապատվությունը, ուներ ուրիշ անհատական հպարտություն մը ևս, անիկա կհավակներ ճանչնալ փարիզահայ գաղութի բոլոր անդամները. գաղթականական նոր հոսանքը, որ այդ ժամանակ սկսած էր արդեն, ոչ միայն հարված մը տվեր էր իր պախլավայի, պաստրմայի, երշիկի գործին, որովհետև նպարեղենի բազմաթիվ հայ խանութներ բացվեր էին, այլև կսպառնար Առտուր աղայի՝ ամեն մարդ ճանչնալու հավակնությունը չքացնել, և պետք է ըսել, որ գերմարդկային ճիգեր կըներ իր պատիվը պահպանելու համար, անիկա, կարծես թե, ստիպված էր այդ ամեն օր ուժեղացող գաղթականական հոսանքը կուչ տալու:


Յորկին, Արամը և Վահրամը կճանչնային Աստուր աղան և տրամադիր չէին անոր երես տալու, բայց գրաշարը ուղղվեցավ ուղղակի Բարպային և ըսավ.


— Բա՛րև, բա՛րև, բարի եք եկեր, կարծես թե քեզի պիտի ճանչնամ…


— Նստեցեք,– ըսավ Բարպան, անկեղծորեն ճիգ ընելով հիշելու իր խոսակիցը։


— Հրամանքդ պոլսեցի՞ ես,– հարցուց ան։


— Այո՛,– ըսավ Բարպան։


— Ես արդեն հասկցա,— ըսավ Աստուր աղան,– հազար հոգիին մեջ ես բնիկ պոլսեցին կճանչնամ… հիմակ նոր գաղթականներուն որ հարցնես, ամենքն ալ պոլսեցի են, բայց ականջ մի կախեր… բուն պոլսեցին մատով կհամրվի:


Աստուր աղան շուրջանակի նայեցավ բոլոր սեղանակիցներուն, և անոր աչքերը սևեռեցան Միհրանին վրա։


— Քրոջս տղան Է, — ըսավ Բարպան քաղաքավարությամբ։


— Շատ գոհ եմ, շատ գոհ եմ…- կրկնեց Աստուր աղան և առանց այլևայլի իր սրտին վրա ծանրացող հոգի մասին խոսեցավ։


Հայտնի հայ հարուստ մը, պարոն Եկավյանը, որ գլխա–