Էջ:Barpa Khachik.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հետո հորիզոնը դժգունեցավ, և գիշերային խավարին խորությունը մեղմացավ, գորշագույն երկինքը կցնծար իրենց վրա, հետո Բարպան նշմարեց, որ կանձրևե։ Ցուրտի դեռ տարտամ զգայնություն մը սողոսկեց երկուքին ալ երակներուն մեջ և հետզհետե տեղավորվեցավ։


— Անձրև կուգա կոր,— ըսավ Բարպան։


Խոնավ մշուշ մը կաղոտացներ ապակիները և խցիկներու մեջ ճամփորդները, որ հետզհետե կարթննային, կհազային առավել կամ նվազ ուժգնությամբ։


Այգը արդեն բացվեր Էր, երբ գնացքը կանգ առավ Լառոշ կայարանը։ ճամփորդները իջան նախաճաշելու։ Բարպան և Միհրանն ալ իջան և բազմության ետևեն գացին դեպի շարժական բյուֆեն, ուր երկու դեռատի աղջիկներ, թարմ դեմքերով, իրենց հարդարված մազերը ծածկած ճերմակ գլխանոցներով և իրենց սև հագուստին վրա կրելով անբիծ մաքրությամբ ճերմակ կրծկալով գոգնոցներ, անվրեպ արագությամբ կծառայեին հաճախորդներուն, որոնք իրենց վարձքը կդնեին բյուֆեի սեղանին վրա՝ առանց մազաչափ օգտվելու ծառայողներու անուշադրութենեն։


Բարպան հիշեց ֆեսճի Մելքոնին խանութը և այնտեղ եվրոպացիներու կատարած խայտառակ գողությունները և մտածեց.


- Ես չէի՞ ըսեր, որ իրենց երկրին մեջ ուրիշ են։


Այնտեղ, այգուն ցուրտ, բայց կազդուրիչ մթնոլորտին մեջ կանգնած, Բարպան և Միհրանը շտապով խմեցին մեյ- մեկ բաժակ տաք կաֆե կաթով և կերան այն համեղ և թարմ կարագի բույրը պահած բրիոշներեն, որուն նման «բան չեմ կերած» հայտարարեց Բարպան։ Հետո հետևելով ուրիշներու օրինակին, անթափանց խավաքարտե բաժակի մը մեջ վերցուցին կաթով կաֆե և բրիոշ մը՝ Վիկտորյային համար։


Անձրևը մեղմորեն կշարունակեր տեղալ և իր անընդհատ միօրինակությամբ խոնավ գորշության մթնոլորտ մը կկազմեր, որուն մեջ, կարծես թե, կհալեին ծառերու, շենքերու, ավաններու շրջագծերը։ Միջանկյալ համեստ կայարաններու առաջ գնացքը առանց կանգնելու կդանդաղեր, և Բար֊