Էջ:Barpa Khachik.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վիկտորյան, որ կարկտուքը նորեն ձեռք առեր էր, աչքերը հառեց Բարպային և ժպտեցավ։


— Ես ալ աղեկ անցուցի իրիկունը,— ըսավ Վիկտորյան,— մադամ Լենը եկավ, շիշ մը Անժուի գինի և բիսկուիներ բերեր էր հետը…


— Խոստացան, որ ինձի գործ պիտի գտնեն,— ըսավ Բարպան և հանվեցավ ու պառկեցավ։


Վիկտորյան ելավ տեղեն, վերմակի ծայրովը Բարպայի ուսը և կռնակը ծածկեց և պահ մը մնաց այդպես, ժպտուն, դիտելով այդ մեծ մարդը, ինչպես խանդակաթ մայրը կդիտե իր երեխան:


Եվ գորովանքի տաք արցունքներ գլորվեցան Վիկտորյայի այտերուն վրա…

                       *
                     *   *

Փետրվարի ցուրտ առավոտ մըն էր։ Բարպա Խաչիկը մինակը նստած էր պատուհանին առաջ ու թերթը կկարդար: Երբեմն անոր աչքերը կպղտորեին, ակնոցը կհաներ, որը նոր սկսած Էր գործածել, և կնայեր պատուհանեն դուրս, հուսահատորեն դիտելով միշտ նույն անհամար ծխնելույզներով գորշ տանիքները։ Երկինքը նույնպես գորշ Էր ու կապարի պես ծանրացեր Էր աշխարհիս վրա։ Հեռուեն կերևեր Պանթեոնի գմբեթը, որը կներկայացներ ավելի խտացած գորշություն՝ համայնատարած գորշության մեջ։


— Աս ինչ լալկան երկինք Է,— գոչեց ինքն իրեն Բարպա Խաչիկը, ավելի խոր հուսահատությամբ նայելով երկնակամարին։ Անիկա կրկին ակնոցը դրավ և փորձեց կարդալ, բայց չէր կարող միտքը սևեռել, ելավ տեղեն, նայեցավ կերակուրին, որ կեփեր շըմինեին մեջ դրված փայտածուխի վառարանի մը վրա, փայտե դգալով մը խառնեց և քիչ մը ջուր ավելցուց։ Բայց տնային այդ փոքր աշխատանքները, որ սիրով կկատարեր, չէին ցրվեր երբեք իր գլխավոր մտմտուքը։


Ոչ միայն Յորկին և Միհրանը, այլև անոնց ընկերները