Էջ:Barpa Khachik.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջանք էին թափեր իրեն գործ մը գտնելու համար: Արամը և Վահրամը անոր ընկերացեր էին, երբ որևէ տեղե ձայն մը լսեր էին։ Բայց ամեն անգամ երկաթագործ Խաչիկը կհանդիպեր նույն առարկության՝ քառասունեն վեր տարիքով մարդ չեն վերցներ։ Հուսահատած այս շարունակ կրկնվող առարկութենեն, Բարպան, որ այնքան հպարտ էր որոշ արհեստ մը ունենալուն, երկաթագործ վարպետ ըլլալուն, հոժարեր էր որևէ գործ ընել, բայց իր այդ հոժարամտությունն ալ ապարդյուն անցեր էր։ Նույն՝ տարիքի խնդիրը կգտներ ամեն տեղ։ Բարպան միայն Վիկտորյայի առաջ իր զգացումը կհայտներ. անիկա հաճախ կըսեր.

— ճանը՛ մ, այս մեմլեքեթին մեջ տարիքը առած մարդիկը հաց չե՞ն ուտեր…


Երբեմն ալ իր հուսախաբությունը կարտահայտեր ըսելով.


— Վիկտորյա՛, ես ի՛նչ կմտածեի, ի՜նչ եղավ։ Վիկտորյան կջանար սիրտ տալ Բարպային։


Երկու երիտասարդները ուրախ-զվարթ կաշխատեին և իրենց աշխատավարձը կհանձնեին Վիկտորյային, որ շուտով ընտանեցեր էր փարիզյան բանվորական կյանքի պահանջներուն և իր ամբողջ ջանքը և ճարպկությունը կգործադրեր՝ այդքան դժվարությամբ վաստակված դրամը տնտեսելու։ Անիկա լավ ճաշ մը կպատրաստեր երեկոյան համար։ Յորկին և Միհրանը ցորեկին կնախաճաշեին բանվորական ճաշարանի մը մեջ, ուր իրար կգտնեին։ Վիկտորյան նույնպես կջանար իրենց և Յորկիին սենյակները պահելու ոչ միայն մանրակրկիտ մաքրության մեջ, այլև հանգստավետ դարձնելու և զարդարելու իր կարելի բոլոր միջոցներով։


Բարպան գրեթե նախանձով կխորհեր, որ Վիկտորյան կյանքի նպատակ մը գտեր էր. երբեմն ալ կչարանար, անարդար հանդիմանություններ կըներ անոր։ Վիկտորյան, ընդհանրապես, մեծ համբերությամբ կվարվեր, բայց երբեմն ալ կվշտանար և Միհրանին կըսեր.


— Աս մարդը բնությունը կփոխե կոր։


Այդ միջոցին Վիկտորյան գացեր էր Մուֆթար փողոցի շուկան, ուր ամեն ինչ ավելի աժան էր, քան ուրիշ տեղք: