Էջ:Barpa Khachik.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան կերակուրին ջուրը ավելցնելե հետո նայեցավ ժամացույցին և սրտնեղած մրմնջեց.


— Աս կնիկն ալ ո՞ւր մնաց, դուրսը կտնտնա, հա՞ կտնտնա…


Անիկա անհամբեր Էր Վիկտորյայի վերադարձին, որովհետև ձանձրույթը ցեցի պես կկրծեր հոգին, և որովհետև սին խոսքեր ընելով՝ կուզեր ազատվիլ մաշող հոգերեն։ Երբեմն ան կափսոսար, որ եկեր Էր Փարիզ, այդ գորշ երկնքին տակ, որուն վրա կա՛ մ արևի ոչ մեկ ճաճանչ չէր երևար և կա ՛մ թե, ամառվան ամիսներուն, հրաշեկ կդառնար։ Բարպան դիտեր էր, որ Փարիզի մեջ ամառվան հանգիստ օրեր չի կան: Նախորդ ամառը անցուցեր էին իրենց վեցերորդ հարկի սենյակին մեջ, չեչս՚քարե տանիքի տակ և անընդհատ շնչահեղձ եղեր էին տոթեն: Գիշերները, մանավանդ, անտանելի էին: Եբկու֊երեք օր օդը կանշարժանար, տերև անգամ չէր շարժեր։ Ֆաբրիկաներու ծծմբային ծուխը, կաշիի գործարանի գարշահոտությունները, կեղտոտ բակերու վատառողջ շունչը կթանձրացնեին օդը, հետզհետե այդ բոլորը կխտանար, մթնոլորտը կտոգորվեր էլեկտրականությամբ և զարհուրելի որոտումներ կպայթեին և փայլակները կզիգզագեին անվերջ:


— Երկինքը կբացվի, կգոցվի կոր,— կըսեր Վիկտորյան:


Եվ ամենքը՝ հևալեն, անհամբեր կսպասեին անձրևին:


Բայց ծանր կաթիլներով գաղջ տեղատարափը հազիվ թե զովության հույս կներշնչեր, հանկարծ կդադրեր, և տոթը կտիրապետեր ավելի ծանրությամբ: Դարձյալ որոտում, դարձյալ տոթ և այսպես անվերջ: Իսկ փողոցներու մեջ մայթեր ու կուպրը կարագի պես կակուղ կդառնար, և մարդոց կրունկները կարծես կխրվեին անոր մեջ:


Երբ Բարպան այս բոլորին կմտածեր և կհիշեր նաև ձմեռվան ցուրտը ու սառնամանիքը, վտանգավոր և պաղ խոնավությունները, որ կտևեին մինչև գարնան վերջերը, խոր կսկիծով կհիշեր Մարսիլիո կապույտ երկինքը, արևոտ փողոցները, Կոռնիշի վրա ըրած պտույտները, և ծովի կարոտը կտանջեր զինքը: Իրեն կթվեր, որ եթե Մարսիլիա մնային, Հոտել տը լա փոստի հանգստավետ կյանքը պիտի շարունակվեր: