Էջ:Barpa Khachik.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լի այն սրճարանները, ուր կրնար հայերու հանդիպիլ: Անիկա ծանոթացավ ամեն տեսակ մարդոց ուսանողներու, ապադասակարգայնացած մանր բուրժուաներու, նախկին արհեստավորներու և որևէ համալսարանի չի կապված «ուսանողներու»: Կաֆեներու ետևի սրահներուն մեջ այդ անգործ մարդիկը ժամերով թուղթ և նարդի կխաղային և միջանկյալ կխոսեին ազգի ցավերու մասին։ Բարպան ինքը երբեք չէր մասնակցեր քարտի կամ նարդիի խաղին, բայց երբեմն կերթար կնստեր խաղացողներու մոտ և կհետևեր ուրիշներու խաղին։ Երբեմն, խաղը կորսնցնողները իրենց մաղձը կթափեին՝ իրար դեմ ընելով ծանր ամբաստանություններ, որու հետևանքով բուռն վեճեր հառաջ կուգային։


Ընդհանրապես վեճը տեղի կունենար հնչակյանի և դաշնակցականի մեջ, և վերջիվերջո ռամկավար մը վերջ կդներ աղմուկին և կռվողները կհաշտեցներ՝ ըսելով.


— Ամո՞թ է, հայ անունը կխայտառակեք կոր, ձայներնիդ աշխարհ բռներ է։


Երկար ատեն Բարպան այն կարծիքը կազմեր էր, որ ռամկավարները շրջահայաց և լուրջ մարդիկ են։ Անիկա սրճարանին մեջ կապվեր էր իր տարիքով մարդոց, որոնք ռամկավարներ էին. անոնցմե մեկը՝ դոկտոր Դերձակյան, երկարորեն կխոսեր Բարպային ազգի ցավերու մասին։ Բարպան առավել ևս վստահություն ունեցավ դոկտոր Դերձակյանին վրա, երբ լսեց, որ անիկա համակրանքով կվերաբերվեր Խորհրդային Հայաստանի նկատմամբ, բայց վերջիվերջո Բարպան կտրվեցավ անկե։


— Վերջապես,— ըսավ օր մը դոկտորը,— տեղ մը ունինք, Հայաստանն է, այսօր բոլշևիկները տեր են եղեր այդ Հայաստանին… Ի՞նչ կըլլա, թող ժողովուրդը քիչ մը հանգստանա, անոթիները կշտանան, մերկերը հագվին, ավերակները վերաշինվին…


Երբեմն ուրիշ ռամկավար մըն ալ, որ կիլիկեցի էր, կուգար սեղանակից կըլլար իրենց։ Անիկա եղեր էր մեծ կալվածատեր, անսահման հարստության տեր, իսկ այժմ ամեն ինչ կորսնցուցեր էր և իր տանը մեջ մածուն կպատրաստեր