Էջ:Barpa Khachik.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պան ու Միհրանը անհոգ նայվածքով կդիտեին առօրյա կյանքի պատկերներ. պաշտոնյա մը, որ բեռներու դատարկ անիվավոր հենակը կքշեր դեպի բաց դուռ մը, լրագրավաճառի խցիկը, որուն խորշին մեջ կերևային վաճառողուհիի խարտյաշ և գանգուր մազերը և որուն առաջ երկու մարդ ծխելով կխոսակցեին։ Հետո կրկին տափարակ դաշտեր, որոնք մինչև բլուրներու կատարը կտարածվեին՝ քառանկյուն մասերու բաժնված, ոմանք հողագույն, ոմանք դեղին ռեզեդայի գույն, իսկ մնացյալը կանանչի բոլոր երանգներով։ Կրկին գյուղեր՝ ճերմակ, ցրված տուներով և կղմինդրե բարձր տանիքներով, առանձին ճերմակ բնակարաններ՝ կանանչ վանդակներով, որոնց չեչաքարով տանիքը կփայլեր մաղվող անձրևի խոնավութենեն, հետո անտառներ, անտառակներ, ջուրի հոսանքի մը եզրը տարածված գյուղաքաղաքներ, թեթև բարձրություններով կազմված գոգերու մեջ տուներու խումբ մը, և ամեն տեղ ասֆալատած ճանապարհներ նեղ կամ լայն, մաքուր, կարծես ավլված, և որոնք՝ խոնավութենե փայլուն, անվերջ ժապավեններու նման կերկարեին երբեմն երկաթգծին զուգընթաց, երբեմն խաչաձևելով գիծը և երկու կողմերեն գնալով ճյուղավորվելով, բայց ուղիղ կարծես անվերջ, մինչև տեսողության սահմանը:


Երբեմն Բարպան կամ Միհրանը կուգային խցիկը, կնստեին Վիկտորյայի կողքին, որ նստարանին անկյունը տեղավորված, իր քովի պատուհանեն կդիտեր անցնող տեսարանները:


- Այս անձրևը գեշ եղավ,— ըսավ Վիկտորյան Բարպային, բան մը ըսած ըլլալու համար։


- Զարմանալի Է,— հարեց Բարպան,— ամպ ալ չի կա երկնքին վրա։


Եվ անիկա աչքերը բարձրացուց դեպի երկինքը, որ միապաղաղ գորշությամբ կապարի պես կծանրանար երկրիս վրա։


Բարպայի և Միհրանի կարծիքը այն Էր, որ քանի մոտենային մեծ քաղաքին, Փարիզին, այնքան շրջանկարը պիտի շքեղանար, արտասովոր երևույթ պիտի ստանար, և անոնք զարմացան, երբ ստուգող պաշտոնյան եկավ, իրենց տոմ–