Էջ:Barpa Khachik.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և պատվիրեց, որ Բարպան ուղղակի դիմե դարբնոցը, Տոլպիակ փողոցի մեջ, ժամը տասնեն-տասներկու։


— Միայն թե,— ըսավ անիկա՝ աթոռին վրա դառնալով,- մեր վճարումները չափավոր են և գործի վրա…


— Հոգ չէ՛,— ըսավ Բարպան,— եթե կուզեք, բնավ մի վճարեք, միայն թե աշխատիմ։


Ծերունին ծիծաղեցավ։


— Պետք է ապրիլ,– ըսավ ան,– և ամեն աշխատանք պետք է վճարվի։


Հետո ոտքի ելավ և, ինչպես հավասարն առ հավասար, մեծ քաղաքավարությամբ խոնարհեցավ և ձեռք տվավ Բարպային. բայց երբ ծերունին իր ձեռքը երկարեց Միհրանին, ավելի մտերմական երևույթ ստացավ, երիտասարդին ձեռքը պահ մը պահեց իր չոր ձեռքին մեջ և մյուս ձեռքով ցույց տալով Սեն-ժյուստի պատկերը՝ ըսավ.


— Ահա, երիտասարդ, այս հեղափոխականներու աճյունն է, որ ցրվեցավ ամբողջ աշխարհիս վրա և հրդեհներ վառեց ամենաազնիվ սրտերու մեջ, այդ աճյունեն փոշի մը ինկեր է մորեղբորդ բեղմնավոր հոգիին մեջ… կմաղթեմ, որ քու հոգիդ ալ ամուլ չի մնա… Ֆրանսիան միայն այստեղ չէ,– ըսավ ան՝ ձայնին շեշտը բարձրացնելով,— այլ նաև ամեն երկիրներու պատկանող այն մարդոց սրտերուն մեջ, ուր ծիլ արձակեր են իր ամենաբարձր գաղափարները…


Անիկա թողուց, վերջապես, Միհրանին ձեռքը և ըսավ, երբ անոնք դուրս կուգային.


— Քաղաքացինե՛ր, ողջույն և եղբայրություն։

                          *
                       *     *

Տարիե մը ի վեր Բարպան կաշխատեր պարոն Բոնպառի դարբնոցը և վերին աստիճանի գոհ էր իր վիճակեն. պարոն Ռաուլը քառասունը անց մարդ մըն էր, մռայլ և տխուր երեվույթով, բարձրահասակ և թուխ, սակավախոս և մտածկոտ. անիկա քաղաքավարությամբ կվարվեր իր աշխատավորներուն հետ և մասնավոր հոգածություն ուներ Բարպային համար, որուն արհեստի մեջ ունեցած ճարտարությունը կգնա-