Էջ:Barpa Khachik.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան չէր համարձակեր որևէ խոսքով միջամտել։ Իր այ ցելության առաջին պահուն, երբ Պոլը և տիկինը բարևելե հետո երեխային կհանձներ փոքրիկ քսակի մեջ շոկոլատներ կամ բոնբոններ, անմիջապես մայրը կմիջամտեր.


— Ի՞նչ կըսեն, Մարսե՛լ… գլուխդ ո՞ւր կորեր է։


— Մերսի,— կըսեր տղեկը զիլ ձայնով։


— Մերսի Ի՞նչ,— կըսեր մայրը հանդիմանական շեշտով։


— Մերսի մ… սյո…


Բարպային կթվեր, որ այդ բոլորը տանջանք կպատճառե տղեկին, բայց մյուս կողմանե կտեսներ, որ Մարսելը առանց շոկոլադի քսակը բանալու, առանց հետաքրքրվելու անոր պարունակությամբ, կհանձներ մորը. անոր վտիտ և փոքր բազուկները համառորեն մորը կկարկառեին որևէ երեխայի համար թանկագին այդ քսակը, երբ նույնիսկ մայրը զբաղած կըլլար քաղաքավարական ձևականություններով։


— Մտե՛ք, կխնդրեմ, սիրելի պարոն, մեզ մեծ հաճույք պատճառեցիք ընդունելով Պոլի հրավերը… այսօր օդը գեղեցիկ է,

չէ՞… դժբախտաբար մեր բնակարանը արև չստանար, 

բայց ի փոխարեն ամառը զով է…


— Այո՛, զով է նկուղի նման,— կըսեր Պոլը։


Անիկա շարունակ կքրթմնջեր և մշտնջենական դժգոհության մեջ էր. անիկա դժգոհ էր կառավարութենեն, թաղապետութենեն, փոստային պաշտոնյաներեն, հացեն, որը կիրակի օրերը ինքը անձամբ կերթար կգներ, այն գավազանի պես երկար և բարակ հացերեն, որոնք միջուկ չունին գրեթե և որոնց ոսկեգույն կեղևը փխրուն է և բնավ կարծրություն չունի։ Կինը, կարծես թե, ուշադրություն չէր դարձներ ամուսնույն դժգոհություններուն և՝ միշտ Ժպտուն, միշտ լավ տրամադրված, սեղանին վրա կբերեր կերակուրները, որոնք ինքը կպատրաստեր, որովհետև աղախին չունեին, և տանը բոլոր գործերը բեռնավորված Էին այդ մաքուր և նուրբ ձեռքերով կնոջ վրա։ Միայն թե, երբ Պոլը կերակուրի մը հավներ, որը կարտահայտեր կրկին ուզելով, կինը իր կապույտ աչքերով կժպտեր և կբացականչեր. — Ա՜հ…վերջապե՛ս…