Էջ:Barpa Khachik.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճաշեն հետո, երբ սեղանը կազատվեր, փոքրիկը կերթար ննջասենյակը՝ լռիկ-մնջիկ մինակը խաղալու, իր փոքրիկ սեղանին առաջ նստած, փոքրիկ աթոռակի վրա, և կինը՝ ճերմակ գոգնոց մը կապած, խոհանոցը կառանձնանար պնակները լվալու։ Պոլը՝ գույնզգույն խմիչքներ առաջարկելով Բարպային և ինքն ալ խմելով, կոգևորվեր և իր գծագրությունները տարածելով սեղանին վրա, կխորհրդակցեր իր հյուրին հետ։ Բարպան կգնահատեր գծագրությունները և երբեմն ալ դիտողություններ կըներ և, վերջապես, ինքը ազնվությամբ և առատությամբ գաղափարներ կուտար։ Պոլը անհագությամբ կլսեր Բարպայի խոսքերը և երբեմն իր թաքուն գոհունակությունը կարտահայտեր մտերմու¬ թյամբ։


— Մոն վիյե, կհասկնա՞ս, քառասուն տարիե ի վեր ստիպված եմ միշտ նոր մոդելներ ստեղծելու, միշտ նո՛ր, միշտ նո՛ր… մեկ շինածնիս չենք կրնար կրկնել… Մեր հաճախորդներուն պահանջը այն է, որ իրենց ունեցած օրինակին նման ոչ մեկ տեղ չի գտնվի, նույնիսկ Չինաստանի մեջ… Ալ, վերջապես, իմ բոլոր աղբյուրներս ցամքած են… պարպված եմ… Երբեմն ժամերով կմնամ ճերմակ թուղթին առաջ, ապուշ կտրած… հավատա՛ ինձի, երբեմն գլուխըս այնքան զուրկ Է որևէ գաղափարե, ինչպես ոտքերս…


Բարպան չէր ըմբռներ այդ ցամքածությունը, որովհետև, ընդհակառակը, գաղափարները կխուժեին իր մտքին մեջ,և ձեռքերը չէին հասներ իրագործել ինչ որ մտքովը կհղանար: Ինքը, ճիշտ է, որ երբեք չէր գծագրեր, չէր ալ գիտեր գծագրել, և հնոցին առաջ, կոպիտ նյութը ձեռքին մեջ, աստիճանաբար կստեղծագործեր։


— Իսկ դուն,— կըսեր Պոլը նախանձով, — այնքան առատ գաղափարներ ունիս, որ քեզ պետք եղածեն ավելին կրնաս ծախսել. ա՜հ, եթե գծագրեիր…. շատ փող կվաստակեիր…


Բայց Բարպան կզգար, որ եթե թուղթին վրա արտագրեր իր գաղափարը, հղացումը կվիժեր… այդպես կկարծեր ան, բայց այդ մասին չէր խոսեր։


— Շիկ թիփ մըն է այդ օտարականը,– կըսեր Պոլը իր կնոջը, երբ Բարպան կմեկներ։