Էջ:Barpa Khachik.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սակները վերցուց և հայտարարեց, որ առավելն կես ժամեն կհասնեին Փարիզ:


Նախ անցան շրջակայքի բնակավայրերեն, նոր կառուցված կայարաններ ու առաջքեն, ուր մեծ բազմություններ կսպասեին Փարիզի և շրջակայքի մեջ երթևեկությանը սպասարկող գնացքներու: Հետո տեսան աշակերտներու խումբեր, որոնք պայուսակները իրենց կռնակը դրած կամ թևի տակ, իսկ ամենեն ստահակները ձեռքերնին բռնած, վազվզելով կերթային: Հետո տեսան ճանապարհի վրա աշխատող բանվորներ, որոնց եկավ միացավ խումբ մը, բահերը դրած ուսերու վրա, ինչպես հրացաններ։


Ողորկ, գորշ և խոնավ ճանապարհներու վրա ավտոներու թիվը աճեցավ. տեղ֊տեղ անոնք իրարու ետևե կերթային, կարծես համրիչի ուլունքներ, համաչափ հեռավորություններով:


Եվ ահա, հանկարծ, Բարպա Խաչիկը և Միհրանը տեսան, որ գյուղանկարը փոխվեցավ, ինչպես թատրոնի դեկորացիա: Մայրաքաղաքամերձ շքեզություններու փոխարեն, անոնք տեսան քստմնելի թշվառության հայտարար տեսարաններ՝ կիսափուլ տուներ, կարծես դանակով մեջտեղեն կտրված, կներկայացնեին թշվառ ներքնամասեր, կեղտոտ և փեռեկտված պատի թուղթեր, աղտոտութենե սևցած տուներու շրջանակներ, վարագույրներու մնացորդներ՝ առասաններու վրա, հետո անվերջ հյուղակներ, մեծ մասամբ փայտաշեն, թիթեղյա մասերով, խիտ, հաճախ իրարու հենած, կիսափուլ կամ ավերակ տուներ, որոնց անկյունները բնակված Էին, և այդ բոլորին մեջ եռուն և քստմնելի մարդկություն մը, որ վատառողջ փրփուրի պես դուրս կզեղուր այդ որջերեն:


Ո՛չ Բարպան և ո՛չ Միհրանը չէին կարող մտածել, որ սա մեծ կեդրոնական քաղաքի մը մեջ խմորվող թշվառության արտազեղումն էր. սա զոնա մըն էր, անտուն անտեր մարդիկներու, մեծ մասամբ օտարականներ ու բնակավայրերը, որոնք Փարիզը՝ լույս֊քաղաքը կշրջապատեին իրենց կեղտով և տգեղությունով, իրենց սպառնական թշվառությունով: Բարպան, Միհրանը և Վիկտորյան Մարսիլիո մեջ առիթ