Էջ:Barpa Khachik.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված պիտի ըլլային, որովհետև ո՛չ շահագործող պիտի ըլլար այնտեղ՝ և ոչ ալ շահագործվող. ամենքը պիտի չծվեին աշխատանքի, և արդյունքը բացարձակ հավասարությամբ պիտի բաշխվեր ամենուն։ Արդեն, ըստ տիկին Սյուզանի, այդ ապագա ոստանին մեջ կյանքի պահանջները պիտի վերածվեին իրենց ամենեն պարզ ձևերուն։


— Քաղաքականությունը,– կըսեր ան,– ինչպես այսօր կհասկնան, այն պարարտ և ապականված հողն է, որուն վրա կբուսնին, ինչպես թունավոր սունկեր, ամեն տեսակ քստըմնելի մոլություններ և վայրագություն ու գազանություն և, մանավանդ, բոլոր մոլություններու մայրը՝ եսասիրությունը։


Պարոն Հանրին և քույրը մեծ հիացումով կլսեին տիկին Սյուզանի խոսքերը. թերևս անոնք չէին հավատար ոգևորված կնոջ միսիային, գոնե այդ վտանգը, ապագա ոստանի հաստատվիլը, բավական հեռավոր կհամարեին, բայց շատ շողոքորթված էին, որ իրենց հարսը և կինը կոգևորվեր և կզբաղեր այդքան բարձր խնդիրներով։


Բայց տիկին Սյուզանի խոսքերը հետզհետե կդառնային հարձակողական, անիկա, կարծես թե, առարկություններ կլսեր իր ըսածներուն դեմ, և թեև Բարպան քիչ մը շփոթած, բայց որոշ հաճույքով և մեծ հլությամբ կլսեր այդ կնոջ զեղուն խոսքերը, տիկին Սյուզանը խոսքը ուղղակի անոր ուղղելով՝ ըսավ.


— Հիմար առարկություն է այն, որ մարդիկ, եթե ստիպված չըլլան աշխատելու, չեն աշխատիր. երեխան ինչո՞ւ կխաղա, ըսեք, կխնդրեմ, ո՞վ կստիպե իրեն երբեմն անձնատուր ըլլալ նույնիսկ հոգնեցուցիչ խաղերու… Մեծերու համար ալ նույնն է, աշխատանքը մարդկային բնության տիրական պահանջներեն մեկն է…


Բարպան գլխով հաստատական պատասխան տվավ, նույնիսկ ուզեց ըսել, թե անգործությունը մարդուս ամենամեծ տանջանքն է, այդ ինքը փորձով գիտեր, բայց տիկին Սյուզանը թույլ չի տվավ, որ անիկա բառ մը տեղավորե։


— Կըսեն նաև,— ըսավ տիկին Սյուզանը,— որ հասարակական աշխատանքի արդյունքը կյուրացնեն ամենեն