Էջ:Barpa Khachik.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցին գործերը վճարված ըլլալով կտորի վրա, բանվորները հարկադրված չէին ճիշդ ժամին հասնելու, ավագ բանվորը, որ Գաստոն անունով տարեց մարդ մըն էր՝ նիհար դեմքով, սպիտակ մազերով, երկայն ոլորած պեխերով և սուր փոքրիկ մորուքով, ընկերաբար կվարվեր ամենուն հետ: Դարբնոց- արհեստանոցը կարծես չէր մասնակցեր փարիզյան ընդհանուր աշխատանքային կյանքին, որուն փոթորիկներ չէին հասնիր մինչև իր դռները. բայց վերջին ժամանակները խուլ անհանգստություն մը սկսեր էր ծայր տալ. պատվերները կպակսեին… և այդ մասին մտահոգիչ խոսակցություններ տեղի կունենային ճաշարանին մեջ… Պարոն Ռաուլը երկու անգամ հարկադրվեր էր անձամբ հսկել, որ եղած պատվերները հավասարապես բաժնվին բոլոր աշխատավորներուն վրա, որպեսզի անգործ մնացող չըլլա, և վճռականապես մերժեր էր ընդունիլ որպես աշխատավոր արվեստից վարժարանի ուսանող մը, որ դիմեր էր իրեն՝ հիանալի մոդելներով, «որոնք,— կըսեր պարոն Ռաուլը,— կարող էին նոր ժամանակաշրջան բանալ դարբնված երկաթի արվեստին մեջ»։


Բարպան կլսեր այս բոլորը, բայց խորապես չէր ազդվեր:


Ամեն իրիկուն ժամը չորսին կվերադառնար տուն և կզբաղեր պարտեզի մշակությամբ։ Պատրաստեր Էր ածուներ, ուր տնկեր Էր կաղամբ, պրաս, շաղգամ, կարոս, սալատներ և ձմեռային այլ բանջարեղեններ։ Առաջին անգամ, որ երկու, մատղաշ սալատներ բերավ Վիկտորյային, զգաց այնպիսի բերկրանք, որ հոգին լեցվեցավ լավատեսությամբ։


Վիլլայի վերի հարկը վարձած Էր հայ ընտանիք մը, որ գաղթած Էր Կ. Պոլսեն. ընտանիքին հայրը՝ ռումանական ապահովագրական ընկերության նախկին պաշտոնյա, անգործ մնացած Էր, կինը և քույրը կար կկարեին հանդերձեղենի մեծ մագազինի մը համար, և երբ գործը սակավ ըլլար, հյուսվածք կընեին. երեխաները, մեկը՝ տասը տարեկան մանչ և մյուսը՝ ութ տարեկան աղջիկ, կերթային թաղին կոմունալ դպրոցը, իսկ պառավ մայրը կզբաղեր տանը գործերով: Վիկտորյան ընտանեցեր Էր տանը հարևանուհիներուն հետ և երբ իր տանը գործերը կվերջացներ, կերթար անոնց մոտ