Էջ:Barpa Khachik.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ինքն ալ բրդի թելով հյուսվածք կըներ։ Վիկտորյան այդ գործով հրապուրվեցավ, որովհետև գույնզգույն թելերով պետք էր գործել և հետևիլ տրված օրինակին, հետո, ինքը բուրդ գնեց և Միհրանին ու Յորկիին համար շանտայլներ գործեց: Անիկա կհրճվեր մտածելով, որ երիտասարդներուն համար գործեր էր այնպիսի շանտայլներ, որոնց նմուշները Շան զ՛էլիզեի թաղին մեջ մինչև չորս հարյուր ֆրանկի կծախվեին։


Եվ վերջապես, օր մը, երբ իր հարևանուհիները շատ ստիպողական կարի գործ ունեին և իրենց ձեռքը եղած հյուսվածքը ետ պիտի տային, Վիկտորյան առաջարկեց, որ ինքը գործե։ Անիկա Բարպայեն ծածկեց փողով աշխատանք վերցնելը և երբ շաբաթ մը հետո գործը ավարտեց և ստացավ քառասուն ֆրանկ, Վիկտորյան պահեց այդ փողը և վերցուց ուրիշ գործ։ Ինքը անձամբ հարաբերության մեջ չէր ձեռնարկողին հետ, հարևանուհիները, ավելի շուտ նախկին ապահովագրական պաշտոնյան՝ Սերոբ էֆենդին, կհանձներ գործվածքը և կբերեր բուրդը և օրինակը՝ նոր աշխատանքի համար։ Եթե Վիկտորյան ստիպված ըլլար, հապճեպ պատվերի պարագային, գիշերը աշխատիլ կամ պարտեզը աթոռակի մը վրա նստած հյուսել, մինչ Բարպան՝ սիգարեթը շրթունքին կպցուցած, կհերկեր կամ ածուներու մոլախոտերը կմաքրեր, Վիկտորյան կըսեր, թե հարևանուհիներուն օգնելու համար էր։


Կյանքը Բարպային և Վիկտորյային համար մտեր էր որոշ հունի մեջ. իրենց կթվեր, որ այդ այդպես ալ պիտի շարունակվեր։


Աշնանային իրիկունները, երբ գիշերը հանկարծ կիջներ, և պարտեզներու խոնավ ցուրտը կխուժեր ներս, անոնք կապաստանեին խոհանոցին մեջ, ուր վառարանը խորդալով կվառեր և ուր կատարյալ մաքրության շնորհիվ հաճելի և հանգիստ մթնոլորտ կտիրեր. էլեկտրական լամպի լույսի տակ, որուն կանանչորակ լուսարգելը կամփոփեր լույսը, ճերմակ մոմլաթով ծածկված սեղանին վրա Վիկտորյան և Բարպան կճաշեին, և հանգստյան կոչված ծերունիներու ընդարմացում մը թեթև արբեցողություն կպատճառեր իրենց։