Էջ:Barpa Khachik.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէին ունեցեր տեսնելու թշվառ թաղամասերը և հազիվ թե ընդնշմարեր էին նեղ փողոցներ, որոնց մեջ երբեք արևը չէր մտներ, որոնց երկու կողմերու տուներու տանիքները գրեթե իրար կհպեին, և դեմառդեմ, պատուհանե պատուհան ձգված առասաններու վրա, ինչպես թշվառության դրոշակներ, անվերշ կծածանեին հազիվ լվացված ճերմակեղեններ, ավելի շուտ՝ ցնցոտիներ։


Բարպան և Միհրանը մտան խցիկը և գտան Վիկտորյան նույնպես ապշած։


- Վու՜յ, կարծեցի, որ Պոլիս կմտնենք կոր,– ըսավ անիկա։


Անոնք դեռ իրենց ապշութենեն չէին սթափվեր, երբ գնացքը դուրս եկավ զոնայեն և կանգ առավ: Երեքն ալ դուրս նայեցան պատուհաններեն։


Գնացքը կանգներ էր ուռկանի պես գետնի վրա տարածված երկաթգիծերու ցանցի մը մեջ։ Քիչ հեռու կանգնած էր ուրիշ գնացք մը, առանձին լոկոմոտիվ մը՝ շչալով և շոգի արձակելով, լարախաղացի նման, կանցներ մեկ գիծեն մյուսը, կապույտ բլուզավոր մեքենավարի ղեկավարությամբ, որուն մուրոտ դեմքը պահ մը երևաց կողքի ձուաձև պատուհանեն։


Գնացքին մեջ ճամփորդները կպատրաստվեին, անոնք կհագնեին իրենց վերարկուները, գլուխնին կծածկեին և վերևը դրված ծրարները կիջեցնեին նստաբաններու վրա: Նույնը ըրին և Բարպան, Միհրանը և Վիկտորյան: Բուռն հուզմունքի ալիքներ կբարձրանային անոնց հոգիներու մեջ և կհամրացնեին անոնց շրթները: Անոնք թե՛ տենդագին անհամբերության մեջ էին և թե՛ կցավեին, որ ընդմիշտ պիտի թողուն այդ խցիկը, ուր մեկ գիշերվան մեջ ապրեր էին տարիներու արժողությամբ ժամեր: Դուրսը անծանոթն էր, երկյուղալի գալիքը և տարտամ հույսերը, որոնք կարծես պլպլացող կանթեղի լույսի պես պիտի մարեին իրականության ցուրտ շունչին տակ… Միայն Վիկտորյան էր, որ, թեև հուզված, ուրախությամբ կսպասեր ժամանման: