Էջ:Barpa Khachik.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպով կմտահոգվեր «չոճուխներուն» համար, երևակայական արկածներու մասին կմտածեր՝ «չըլլա թե ավտոյի տակ իյնան, գործարանին մեջ արկած մը պատահի, հիվանդ ըլլան» և այլ ուրիշ բաներ։ Բայց իր այդ անհիմն կասկածներու մասին չէր խոսեր Բարպային. միայն թե, երբ Միհրանը անակնկալորեն կուգար շաբաթվան մեջ իրիկուն մը, երբ Վիկտորյան կտեսներ երիտասարդին նիհար դեմքը՝ կամարաձև նուրբ հոնքերով, խոշոր սև աչքերով, նրբաձև շրթներով և, մանավանդ, երբ կլսեր անոր եռանդուն խոսակցությունը Բարպային հետ, անոր կասկածները կչքանային, և իրեն կթվեր, որ այլևս այդ կարգի անհանգստություններ չի կարող ունենալ։ Բայց կբավեր, որ կիրակի օրը երիտասարդները քիչ մը ուշանային, կամ Միհրանը չերևար շաբաթվան ընթացքին, կրկին Վիկտորյայի երևակայությունը թռիչք կառներ վատ հավանականություններու ուղղությամբ։


Առաջին կիրակին, որ երիտասարդները չերևցան, Վիկտորյան չի կարողացավ իր խոր մտահոգությունները ծածկել։ Անիկա ընկճված էր արդեն իր շարունակաբար ստեղծած չարիքներու բեռին տակ։ Բարպան ալ մտահոգ էր և ուշ ատեն գնաց Փարիզ, տեղեկանալու։ Անիկա ուղղակի դիմեց Բրոկա փողոցը, բարձրացավ վեց հարկերը և նրբանցքին մեջ հանդիպեցավ մադամ Լենին, որ նույնպես անհամբեր կսպասեր «երիտասարդներու» վերադարձին։


— Այսօր մեծ ցույց մը կար,— ըսավ ան… — Ի՞նչ պատճառով,— հարցուց Բարպան… — Մի՞թե թերթ չեք կարդար. Ռընոյի ֆաբրիկայի մեջ արկածի զոհ գացող բանվորներուն համար։


Ինչպե՞ս թե չէր կարդացեր. Բարպան այդ գիտեր, բայց իր հանգիստ կյանքի ընդարմացումին մեջ անիկա անզգալաբար հեռացեր էր այդ խնդիրներեն. նույնիսկ անիկա չէր գացեր սենդիկայի արտակարգ ժողովին, որը գումարեր էին այդ առիթով։


— Շատ ձերբակալություններ եղեր են,— ըսավ մադամ Լենը,— կվախնամ, որ մեր տաք գլուխները ուռկանին մեջ ինկած ըլլան… ֆրանսացիներու համար դեռ ոչինչ…— ավել