Էջ:Barpa Khachik.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ Մըդոն իր տունը հասավ, այնտեղ խոհանոցի սեղանին շուրջը գտավ Միհրանը և Յորկին: Անոնք առանձին-առանձին եկեր էին, և երկուքն ալ կարծես թե պատերազմեն դուրս եկեր էին, փոշոտված, հագուստները ճմրթված, Յորկիկիին բաճկոնին կոճակները և գրպանները խզված։ Այդ բոլորը կպատմեր Վիկտորյան Բարպային, մինչ երիտասարդները կնետվեին անոր վիզը և մանավանդ Յորկին, հազար կատակ կըներ մոռցնել տալու համար Բարպային իրենց պատճառած մտահոգությունները։


Հետո Միհրանը և Յորկին պատմեցին ցույցերուն պատճառ եղող դեպքերը։


Չորս բանվորներ զոհ գացեր էին մեքենայի մը խանգարմունքով, որոնցից երկուքը մեռեր և երկուքը ծանր վիրավորվեր էին։ Այդ արկածը նախատեսված էր, քանի մը անգամներ բանվորները մատնանշեր էին վտանգը։ Բանվորներու մահը առաջ բերեր էր մեծ հուզում, և նույն իրիկունը իսկ արտակարգ ժողովի մը մեջ գործարանի բանվորները որոշեր էին թաղումը կատարել մեծ շուքով և վերածել բողոքի ցույցի։ Բայց այն դրամատիրական ընկերությունը, որ կշահագործեր այդ գործարանը, կանխելու համար բանվորական ցույցը, համաձայնության եկեր էր մեռնողներու ընտանիքներուն հետ և ինքը ստանձներ էր կատարել հուղարկավորությունը։ Առավոտ կանուխ դագաղները փոխադրեր էին եկեղեցին։ Այսուամենայնիվ, բանվորները համախմբվեր էին եկեղեցու հրապարակի վրա, բայց ահա ոստիկանությունը միջամտեր էր և ուզեր էր ցրվել համախմբված բանվորները։ Այն ժամանակ դիմադրություն եղեր էր բանվորներու կողմե։ Լուրը տարածվեր էր մյուս գործարանները և ֆաբրիկաները։ եվ ամեն կողմե բանվորները գունդ֊գունդ եկեր էին համերաշխության ցույց ընելու և միանալու մեռնող բանվորներու ընկերներուն։ Փարիզի ամբողջ ոստիկանությունը զորաշարժի ենթարկվեր էր՝ համախմբումները արգիլելու և ամեն կողմե եկող բանվորական խումբերը կասեցնելու համար.՝ Վերջապես հուղարկավորությունը կատարեր էին բանվորները, ծովածավալ բազմություն մը երկու զոհերը առաջնորդեր էր գերեզման բռունցքները ցցած, կարմիր դրոշակները